Սեյրան Նիկողոսյան. Երազում անգամ չէի պատկերացնի, որ մենք թիմային պայքարում Եվրոպայի առաջնությունում առաջինը կլինենք

15:25   30 մարտի, 2022

Երազում անգամ չէի պատկերացնի Եվրոպայի առաջնության 7 ոսկե, 3 արծաթե մեդալի եւ թիմային հաշվարկում առաջին տեղը գրավելու մասին, բայց այս արդյունքների կողքին պետք են նաեւ աջակցություն, պայմաններ մարզիկների համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Մարտի 20-28-ը Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում (10 մետրից, վազող թիրախ) Հայաստանի թիմը նվաճել է 10 մեդալ: Սեյրան Նիկողոսյանի գլխավորած թիմը մասնակցել է 12 հրաձիգով:

«Այս հաջողությունները սպասելի էին, բայց ոչ այսքան՝ 7 ոսկե մեդալ: Մարզիկները շատ լավ պատրաստված էին, որի համար շնորհակալ եմ իրենց անձնական մարզիչներին: Հրացան, ատրճանակ ձեւերից արդյունքներ չունեցանք: Հրացան ձեւի մասնակիցները շատ վատ հանդես եկան: Նրանց հարցում խնդիր ունենք: Մարզիկները հանդերձանք չունեն: Մեր ունեցածը շատ հին է, մաշված: Պետական միջոցները սուղ են, բայց լավ արդյունքների համար մեզ անհրաժեշտ է մարզագույք, զենք, զինամթերք:

Մեզ օգնում է ֆեդերացիայի նախագահն ու ՀԱՕԿ-ը, բայց պետք է նշեմ, որ 2014 թվականից հետո որեւէ գույք ձեռք չենք բերել: Մեր պետական բյուջեն կազմում է 45 միլիոն դրամ, բայց դրանով զենք, փամփուշտ չենք կարողանում ձեռք բերել: Այս օրենքը վաղուց է գործում, եթե նույնիսկ փամփուշտ ենք ձեռք բերում, կրակելու իրավունք չունենք: Մենք խնդիր ունենք մեր ունեցած զենքերը Հայաստանից հանելու եւ հետ բերելու: Յուրաքանչյուր մրցաշարի գնալը մեծ պատմություն է՝ պետք է գրանցենք, ի պահ տանք, հետո հետ գալուց հանենք գրանցումից եւ այլն: Այս ամենի պատճառով, օրինակ, Վրաստանի հավաքականը չի գալիս Հայաստան հավաքի:

Բացի զենք-զինամթերքից, ունենք նաեւ մարզադպրոցների խնդիր: Ունենք մեկ մարզադպրոց, եւս մեկը Գյումրիում: Դա հրաձգարան չէ, չգիտեմ ինչ է, բայց այս երիտասարդներն այնտեղ են մարզվում: Որպես ծնող, եթե մտնեի այդ հրաձգարան, չէի ցանկանա, որ իմ երեխան այնտեղ մարզվեր:

Այս խնդիրներով շատ անգամ ենք բարձրաձայնել, դիմել տարբեր կառույցների, բայց որքան կարելի է դիմել: Ասում են՝ կօգնեն, կաջակցեն, գույք, մարզահագուստ ձեռք կբերենք, մենք էլ սպասում ենք:

Այսօր գույքային խնդիր չունենք վազող թիրախ մրցաձեւում, այդ պատճառով էլ գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից ունենք 7 ոսկե մեդալ: Հուսամ՝ այս արդյունքները շատերի մեջ հրաձգությամբ զբաղվելու ցանկություն կառաջացնեն: Երազում անգամ չէի մտածի, որ մենք թիմային պայքարում Եվրոպայի առաջնությունում  առաջինը կլինենք:

Այս արդյունքներին հասել ենք մեր եղած գույքով: Ունենք 16 օլիմպիական ձեւ, որից մասնակցում ենք միայն 5-ին, քանի որ մյուս ձեւերի համար համապատասխան գույք, միջոցներ չունենք:

Առաջիկայում ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնությունն է: Այս ձեւից էլ ոչ զենք ունենք, ոչ զինամթերք: Նախորդ տարի միայն փամփուշտի ձեռքբերում ենք ունեցել: 

Օգոստոսին վազող թիրախի աշխարհի առաջնությունն է, սեպտեմբերին Եգիպտոսում օլիմպիական վարկանիշային մրցաշար: Տարին հագեցած է, արդյունքները գոհացնող են, բայց կարող են ավելի շատ լինել: Ինձ հարցնում են՝ հաջորդ Օլիմպիական խաղերին մասնակից կունենա՞նք: Գուցե ունենանք, բայց լավ պատրաստվել է պետք: Եթե մարզիկը տարվա մեջ մեկ անգամ են ուսումնամարզական հավաք ունենում, ինչպես կարող ենք լավ պատրաստվել Օլիմպիական խաղերին»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։