Կապառոս․ Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել

22:50   24 մարտի, 2022

Շատ լավ խաղ ցուցադրեցինք: Մենք նրանց ոչնչացրինք երկրորդ հարկում: Շնորհավորում եմ Վահան Բիչախչյանին եւ Էրիկ Վարդանյանին հրաշալի խաղ ցուցադրելու համար:

Այս մասին Հայաստան - Չեռնոգերիա ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում նշեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղում Հայաստանի թիմը հաղթեց 1:0 հաշվով:

«Կարծում եմ՝ կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել: Վերջում, երբ մնացինք 10 ֆուտբոլիստով, ավելի բարդացավ: Մենք կարողացանք նրանց ոչնչացնել երկրորդ հարկում:

Ստյոպա Մկրտչյանը բավական հետաքրքիր խաղ ցուցադրեց իր առաջին խաղում: Դեռ աճելու տեղ ունի: Եթե այսպես շարունակի, կնշանակի, մենք եւս մեկ ֆուտբոլիստ նվաճեցինք Հայաստանի հավաքականի համար:

Մեզ հունիսին 4-ին հանդիպում է սպասվում, եւ մենք պետք է տեսնենք մեր նորեկներին գործի մեջ: Փոխարինման դուրս եկած նորեկները շատ լավ խաղացին:

Շնորհավորում եմ Վահան Բիչախչյանին եւ Էրիկ Վարդանյանին, քանի որ հրաշալի խաղ ցույց տվեցին ոչ միայն գոլի առումով, այլեւ ամբողջ խաղի ընթացքում հետաքրքիր տարբերակներ էին առաջարկում մեր ֆուտբոլիստներին:

Համաձայն չեմ Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչի հետ, որ մեր թիմը կոշտ ֆուտբոլ էր խաղում: Կար ֆիզիկական պայքար, իսկ ֆուտբոլում հաղթում է նա, ով խաղադաշտում հաղթում է մենապայքարում: Չեռնոգորիայի թիմն ավելի շատ Իռլանդիայի հավաքականին է հիշեցնում մեր առաջիկա մրցակիցներից:

Շատ գոհ ենք այն խաղից, որը ցուցադրեցին մեր ֆուտբոլիստները: Երկու խաղացող ունեինք դաշտում 18 տարեկան եւ դա շատ կարեւոր է հայկական ֆուտբոլի համար: Նրանք իրենց նորամուտը նշեցին ազգային հավաքականում:

Շատ ասպեկտներ կան, որ պետք է բարելավենք, բայց կարող ենք գոհ մնալ այն աշխատանքից, որ կատարում է ֆեդերացիան: Դավիթ Յուրչենկոն մեզ շատ օգնեց այս հանդիպմանը: Եթե նա ուժեղ չլիներ երկրորդ հարկում, այլ հաշիվ կունենայինք:

Նորվեգիայի հետ խաղում մրցելու ենք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեցող հավաքականի դեմ: Ակնկալում ենք լավ պայքար եւ աճ մեր գրանցած արդյունքներում»,- նշեց Խոակին Կապառոսը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Ընկերական հանդիպում

Հայաստան - Չեռնոգորիա՝ 1։0

Վահան Բիչախչյան, 19

Հեռացում՝ Ստյոպա Մկրտչյան, 83, երկրորդ դեղին քարտ

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Ստյոպա Մկրտչյան, Արման Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո (Արտակ Գրիգորյան, 86), Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան (Հովհաննես Հարությունյան, 89), Խորեն Բայրամյան (Արտյոմ Ավանեսյան, 59), Վահան Բիչախչյան (Արթուր Սերոբյան, 69), Էրիկ Վարդանյան (Գեւորգ Ղազարյան, 56):



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։