Կապառոս․ Մխիթարյանի անձնական որոշումն է հեռանալը

17:41   23 մարտի, 2022

Ինձ համար ճոխություն էր Հենրիխ Մխիթարյանի հետ աշխատելը: Հավաքականում ավագի դերում նրան կարող են փոխարինել Գեւորգ Ղազարյանը, Վարազդատ Հարոյանը: Առանց Հենոյի փորձելու ենք բարելավել ազգային հավաքականի խաղամակարդակը:

Այս մասին նախախաղային ասուլիսում նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ:

«Երբ մենք այս երկու մրցակիցներին ընտրեցինք, հաշվի առանք այն, որ այս հավաքականներն իրենց խաղաոճով շատ նման են մեր մրցակիցներին, որոնց պետք է հանդիպենք հունիսին: Պետք է մրցենք այնպիսի թիմերի հետ, որոնք ունեն շատ ուժեղ ֆիզիկական տվյալներ: Գրեթե բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս Եվրոպայի առաջատար ակումբներում եւ տեսնել նաեւ թե ինչ հնարավորություններ ունենք: Մենք նաեւ այս խաղերով կստուգենք մեր նոր խաղացողներին եւ հասկանալ, թե ինչը չի բավականացնում մեզ:

Հարոյանը լավ մարզավիճակում է, քանի որ Իսպանիայում ֆուտբոլիստների առջեւ շատ մեծ պահանջներ են դնում: Նա ներկայացավ հավաքական շատ լավ ֆիզիկական վիճակում: Հարոյանը շատ մոտիվացված է եւ լավ է մարզվում:

Արթուր Սերոբյանը, Ստոյպա Մկրտչյանը հավաքական են ընդգրկվել իրենց տաղանդի շնորհիվ։ Տարիքը հաշվի չենք առնում: Եթե ֆուտբոլիստը պատրաստ է, պետք է հրավիրես: Նրանք պետք է հարմարվեն հավաքականին: Երիտասարդների հրավերը հավաքական խթան է նաեւ հավաքականի ավագ սերնդի ներկայացուցիչներին համար: Հավաքականը կարիք ունի երիտասարդ տաղանդների:

Մենք հետեւում ենք հրավիրված ֆուտբոլիստների ելույթներին Հայաստանի առաջնությունում: Այս տղաներն աչքի են ընկնում իրենց թիմերում իրենց խաղով: Անկախ այս ամենից, ֆեդերացիան մշակում է ծրագիր, որի շրջանակում մենք աշխատում ենք երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Շնորհակալ եմ ակումբներին, որոնք տրամադրում են մեզ տղաներին եւ հնարավորություն տալիս աշխատել նրանց հետ: Այսօր երկու նորեկ է ընդգրկվել ազգային հավաքականում: Այն տղաները, որոնց հետ աշխատում ենք, հետագայում եթե դրական աճ գրանցեն, կարող են ընդգրկվել ազգային հավաքական:

Հենրիխ Մխիթարյանի անձնական որոշումն է հեռանալը: Մենք բոլորս գիտակցում ենք նրա տաղանդը: Բոլորս հասկանում ենք, թե նա ինչ է եղել եւ ինչ է շարունակում մնալ ազգային հավաքականի համար: Հենոն իր տունն ունի եւ դա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է: Բնական է, Հենոն հայկական ֆուտբոլի դրոշակակիրն է եւ ինձ համար ճոխություն էր նրա հետ աշխատելը:

Առանց Հենրիխ Մխիթարյանի հանդիպումների փորձ արդեն ունենք: Կարեւորն այն է, որ ազգային թիմն առաջադիմի խաղամակարդակով:

Ավագի դերում Հենրիխ Մխիթարյանին կարող են փոխարինել Գեւորգ Ղազարյանը, Վարազդատ Հարոյանը: Ես շատ գոհ եմ նրանից, որ երիտասարդ նոր ֆուտբոլիստների ենք ընդգրկում կազմ՝ չմոռանալով մեր վետերաններին: Մեր խնդիրն է այնպես նպաստել երիտասարդ ֆուտբոլիստների աճին, որ նրանք հետագայում մրցունակ լինեն:

Համաձայն չեմ, որ Սարգիս Ադամյանն ու Լուկաս Սելարայանը ձեւացրել են իրենց վնասվածքները: Իրենց ակումբներից ստացել ենք բոլոր վկայությունները, որը խնդիրներ ունեն, խոսել ենք նաեւ նրանց հետ անձամբ: Շատ կուզեի, որ շուտ ապաքինվեն եւ հաջորդ խաղերին միանան մեզ: Սարգիս Ադամյանը շատ նվիրված է ազգային հավաքականին: Լուկաս Սելարայանը եւս նվիրված է եւ մեծ ցանկություն ու խանդավառություն ունի հետագայում խաղալ հավաքականում»,- ասաց Խոակին Կապառոսը:

Չեռնոգորիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին նախախաղային մարզում է անցկացնում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին եւ կմեկնարկի 20։00-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։