18:29 14 մարտի, 2022Միջազգային Պարալիմպիկ կոմիտեն Հայաստանին Պեկին-2022-ի սպիտակ քարտեր չի տրամադրել: Մենք վարկանիշներ չունեինք, սպիտակ քարտերի հայտերն էլ մերժվել են, այդ պատճառով էլ Հայաստանը մասնակից չի ունեցել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախախագահ Հակոբ Աբրահամյանը:
Մարտի 4-13-ը Պեկինում անցկացված ձմեռային Պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացուցիչ չունեցավ: Ավելի վաղ պարաաթլետ, Տոկիոյի Պարալիմպիկ խաղերի մասնակից Ստաս Նազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել էր ձմեռային Խաղերին չմասնակցելու հնարավոր պատճառների մասին: Ըստ նրա, Պեկին չմեկնելու պատճառը Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի հետ ունեցած տարաձայնություններն էին եւ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի անձնական վերաբերմունքն իր նկատմամբ:
Հակոբ Աբրահամյանը պատասխանել է Ստաս Նազարյանի հայտարարություններին եւ մեկնաբանել Պեկին-2022-ում մասնակից չունենալու բուն պատճառները:
Պարոն Աբրահամյան, սկսենք սկզբից: Ինչո՞ւ Հայաստանը ներկայացուցիչ չունեցավ Պեկինում:
Նախ սկսենք նրանից, թե ինչու է Ստաս Նազարյանը որոշել, որ հենց ինքը պետք է մեկներ Պեկին: Մենք 7 մարզիկ ենք ներկայացրել սպիտակ քարտերի համար: Հայաստանը ներկայացուցիչ չունեցավ Պեկին-2022-ում, որովհետեւ միջազգային կոմիտեն մեզ սպիտակ քարտեր չտրամադրեց: Ինձ նամակով դիմեցին մարզիկները, ես պատասխանեցի, որ սպիտակ քարտ տրամադրելու դեպքում անմիջապես նրանց կտեղեկացնեմ: Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեն 7 մարզիկի համար հայտ է ներկայացրել:
Մենք հույս ունեինք, որ գոնե դահուկավազքում եւ լեռնադահուկում մեկական մասնակից կունենանք, բայց միջազգային կոմիտեն բավական ուշ պատասխանեց. մերժել էին, գրելով՝ կներեք, չենք կարող ձեզ սպիտակ քարտեր տրամադրել:
Ի՞նչ հիմքով չեն տրամադրել:
Նպատակահարմար չեն գտել: Դա միջազգային կոմիտեի ձմեռային ձեւերի բաժնի հայեցողության վրա է: Ես առանձին նամակ-խնդրանքով գրեցի միջազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնին, ում հետ ունեմ մտերիմ հարաբերություններ: Խնդրեցի՝ բացառության կարգով գոնե մեկ մարզիկի սպիտակ քարտ տան, որ երկիրը մասնակցություն ապահովի: Նա ինձ հաջորդ օրը պատասխանեց, որ հարգում է մեր հարաբերությունների ջերմությունը, բայց չի կարող այդպիսի բան անել. կանոնակարգով իր միջամտությունը նախատեսված չէ:
Ես շատ կուզեի, որ Հայաստանը մասնակից ունենար Պեկինում, թեկուզ Ստաս Նազարյանի մասնակցությամբ, բայց փաստն այն է, որ մենք վարկանիշ չունեցանք, սպիտակ քարտի համար էլ մերժեցին:
Մարզիկները վարկանիշային մրցաշարերի մասնակցել են, ի՞նչ արդյունքներ են գրանցել:
Այստեղ մի դրվագ կա, որի մասին Ստաս Նազարյանը, վստահ եմ, չի պատմել: Նրանք մի շատ կարեւոր «ղալաթ» են արել, որի պատճառով մենք բաց ենք թողել նաեւ վարկանիշային մրցաշարերը:
2022 թվականի համար մենք ձմեռային ձեւերի բյուջե չունեինք: Ստաս Նազարյանը եւ մի խումբ մարզիկներ ծանոթ պատգամավորի հետ գնացել են ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի մոտ, համոզել, որ իրենց փող տա Լիլեհամերի վարկանիշային մրցաշարին: Կարեն Գիլոյանը համաձայնել է ֆինանսավորել պայմանով՝ գնան, մասնակցեն, նոր ինքը բյուջե տրամադրի: Այդ ամենի մասին ինձ չեն տեղեկացրել, ոչ էլ Ազգային Պարալիմպիկ կոմիտեին:
Հունվարին ես տեղեկանում եմ, որ այդպիսի պատմություն է եղել: Կապ եմ հաստատում Կարեն Գիլոյանի օգնականի հետ: Նշեմ, որ նախորդ տարի հանդիպումներից մեկի ժամանակ փոխնախարարն արտահայտվեց, որ գնում- մասնակցում ենք մրցաշարերին, որի մեջը նյութ չկա. պարզապես մասնակցություն է: Այժմ նրա օգնականին ասում եմ, որ եթե Լիլեհամեր մեկնենք, նույն պատկերն է լինելու, այսինքն՝ արդյունքի ակնկալիք չունենք: Եթե դեմ են այդպիսի մասնակցությանը, մենք կհրաժարվենք, եթե կողմ են, ուրեմն ժամանակի խնդիր ունենք եւ պետք է արագ կատարվի ֆինանսավորումը, կազմակերպչական հարցերը:
Ես նախատեսում էի 7 մասնակցով Լիլեհամեր մեկնել, որպեսզի գոնե մեկ կամ երկու սպիտակ քարտի հույս ունենանք: Կարեն Գիլոյանի օգնականն ինձ խոստացավ, որ արագ կտեղեկացնի փոխնախարարին եւ կպատասխանի: Լիլեհամերի մրցաշարը մեկնարկում էր հունվարի 8-ին, ինձ Գիլոյանի օգնականը զանգահարել է հունվարի 7-ին: Մենք էլ չէինք հասցնի որեւէ տեղ գնալ:
Այստեղ ամենավատն այն է, որ երբ նոյեմբերին պատգամավորի ներկայությամբ Կարեն Գիլոյանը խոստացել է ֆինանսավորել մրցաշարը, հետո չեն եկել եւ ինձ չեն տեղեկացրել այդ «տրյուկի» մասին:
Իսկ մինչ այդ վարկանիշային մրցաշարերի մասնակցություն Դուք չէիք նախատեսո՞ւմ, այդ թվում Լիլեհամերինը: Նախարարության հետ քննարկում չի՞ եղել ֆինանսավորման մասին:
Իրականում շատ երկար ձգձգվեց վարկանիշային մրցումներն անցկացնելու վայրերի որոշումը: Շատ ուշ որոշվեց, որ Նորվեգիայում պետք է լինի:
Ո՞ր կողմի աշխատանքն է թերացել, որ այս իրավիճակն է ստեղծվել:
Պարալիմպիկ կոմիտեն իր աշխատանքը լիարժեք կատարել է: Թերացել են մարզիկները, որ ինքնագլուխ որոշումներ են կայացրել եւ արդյունքների մասին չեն տեղեկացրել, կամ գուցե միտումնավոր են արել:
Պարոն Աբրահամյան, Ստաս Նազարյանի խոսքով Տոկիո-2022 ամառային Պարալիմպիկ խաղերից հետո նա կոմիտեի հետ տարաձայնություններ ունի եւ ենթադրում է, որ գուցե Դուք միտումնավոր սպիտակ քարտի հայտ չեք ներկայացրել, որպեսզի նա չմեկի Պեկին:
Ստաս Նազարյանը պետք է խնդիր ունենար Պարալիմպիկ կոմիտեի հետ, որովհետեւ չի կարելի, որ մարզիկն Օլիմպիական խաղերի ժամանակ անընդհատ ֆեյսբուքի մեջ լինի, նա ֆեյսբուքում է ապրում: Կան որոշակի կանոններ, որոնք չի կարելի խախտել: Օրինակ՝ ռուսական թիմում, եթե Խաղերի ժամանակ մարզիկներից մեկը լուսանկար տեղադրի ինչ-որ մի տեղ, նրան անմիջապես հեռացնում են: Նա ազատ, ինքնագլուխ հայտարարություններ է անում, հարցազրույց է տալիս լրագրողին, որի պատճառով խառնում է ամեն ինչ: Այդ հարցազրույցի պատճառով մենք զրկվեցինք լուրջ դոնորներից, որոնք մեզ սայլակ էին նվիրել: Ինքն ու մարզիչը որոշել էին, որ այդ սայլակը պետք չի, իրենք հին սայլակով մրցուղի դուրս կգան:
Անդրադառնալով նրան, որ ես տարաձայնությունների պատճառով գուցե միտումնավոր հայտ ներկայացրած չլինեմ, դրանք «ցնդած» ենթադրություններ են: Ես ունեմ նամակները, հայտերը, որոնք ուղարկել եմ եւ մերժման նամակը: 7 մարզիկի համար հայտ եմ ներկայացրել, այդ թվում՝ Ստաս Նազարյանի: Իմ կազմակերպությունն իր ֆունկցիան ամբողջությամբ կատարել է, ավելին՝ դեռ միջնորդել եմ նամակ-խնդրանքով, որ կոմիտեի նախագահը միջնորդի, բայց չի ստացվել:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.