Ստաս Նազարյանը՝ Պեկինի Պարալիմպիկ խաղերին չմեկնելու հնարավոր պատճառների մասին

10:15   14 մարտի, 2022

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված ձմեռային Պարալիմպիկ խաղերում Հայաստանը մասնակից չունեցավ, սակայն մեկ մասնակից պետք է ունենար: Պեկինում Հայաստանը պետք է ներկայացներ Ստաս Նազարյանը, որը մասնակցել է նաեւ Տոկիոյի Պարալիմպիկ խաղերին:

Ստաս Նազարյանը ամառային Պարալիմպիկ խաղերում հանդես էր գալիս պարաաթլետիկա մրցաձեւում, սայլակավազքում: Ձմեռային Պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչը պետք է մասնակցեր դահուկավազքում, բայց նրա մասնակցությունը չհաստատվեց:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ստաս Նազարյանը մանրամասնել է Պեկին չմեկնելու, սպիտակ քարտով մասնակցելու հնարավորություն ունենալու եւ Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի հետ ունեցած տարաձայնության մասին:

Ստաս, Դուք նվաճե՞լ էիք ձմեռային Պարալիմպիկ խաղերի վարկանիշ եւ որ մրցաշարերում:

2021 թվականի նոյեմբերին Դուբայում մասնակցել եմ լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարի եւ զբաղեցրել երրորդ տեղը: Այդ մրցաշարում Հայաստանն ուներ երեք ներկայացուցիչ: Նրանցից լավագույն արդյունքն իմն էր: Դրանից հետո դեկտեմբերին Ֆինլանդիայում մասնակցել եմ դահուկավազքի Եվրոպայի գավաթին, որտեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ ես եւ Սմբատ Կարապետյանը: Ես մասնակցել եմ 5 եւ 10 կմ մրցատարածություններում, իսկ Սմբատ Կարապետյանը մասնակցել է միայն 5 կմ-ում: Այս մրցատարածությունում առավելությունն իմն էր: 2,5-3 րոպե Սմբատից շուտ եմ հատել եզրագիծը: Այսինքն՝ այստեղ էլ լավագույն արդյունքը Հայաստանից ես եմ ցույց տվել:

Այսինքն՝ այդ արդյունքներով լրացրե՞լ եք Պարալիմպիկ խաղերի վարկանիշ:

Ես պետք է մասնակցեի սպիտակ քարտով: Այս մրցաշարերից հետո, միջազգային պարալիմպիկ կոմիտեն արդեն պետք է Խաղերի քվոտաներ տար, այսինքն՝ սպիտակ քարտեր: Ամեն Խաղերում այդպես է եղել: Եթե նույնիսկ մարզիկները վարկանիշ ձեռք չեն բերում, պարտադիր սպիտակ քարտեր են տալիս, որ տվյալ երկիրը գոնե մասնակցություն ունենա, գոնե մեկ ներկայացուցիչ ունենա: Այս տարի, չհասկացա, թե ինչպես եւ ինչու, մենք մասնակից չունեցանք, ինձ մասնակցության իրավունք չտվեցին:

Ինչո՞ւ: Միջազգային Պարալիմպիկ կոմիտեն չի տվե՞լ սպիտակ քարտ, թե՞ այլ խնդիր է:

Անկեղծ կլինեմ, Տոկիոյի ամառային Պարալիմպիկ խաղերից հետո ես որոշակի խնդիրներ ունեցա Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի հետ: Կարծում եմ՝ պատճառն այդտեղ է թաքնված: Կամ Պարալիմպիկ կոմիտեի նախագահն ինձ համար չի դիմել միջազգային կոմիտե, կամ, առհասարակ չի դիմել մեր երկրի մասնակցության համար, չգիտեմ: Որեւէ տեղեկություն չունեմ: Ես սկզբում նշեցի իմ արդյունքները, որպեսզի հասկանալի լիներ, որ եթե Հայաստանն ունենար մասնակից, այդ մասնակիցը ես պետք է լինեի, քանի որ իմ արդյունքներն էր բարձր:

Իսկ փորձե՞լ եք որեւէ տեղեկություն ստանալ, հասկանալ խնդիրը:

Ձմեռային պարամարզաձեւերի ֆեդերացիայի միջոցով պաշտոնապես գրավոր հարցում արեցինք Պարալիմպիկ կոմիտե՝ արդյո՞ք Հայաստանը հայտ ներկայացրել է միջազգային կոմիտե: Նախագահը պատասխանեց, որ այո, դիմում եղել է մի քանի մարզիկների համար, բայց մինչ օրս սպասում է պատասխանի: Որեւէ տեղեկություն, գրություն չկա՝ ինչ է պատասխանել միջազգային կոմիտեն, Հայաստանը ստանալու էր մասնակցության իրավունք, թե ոչ: Իմ մտածելով՝ Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեն չի դիմել միաջզգային կոմիտեին, որպեսզի, հենց ես չմասնակցեմ, որովհետեւ քվոտա ստանալու դեպքում՝ ես էի մեկնելու Պեկին:

Ե՞րբ պարզ դարձավ, որ չեք մեկնելու Պեկին, չեք մասնակցելու Պարալիմպիկ խաղերին:

Ես ուղղակի սպասեցի, սպասեցի ու հասկացա, որ չեմ մեկնելու, հետագայում իմացա նաեւ, որ Հայաստանն, առհասարակ, ներկայացուցիչ չի ունենալու Խաղերին:

Ֆինանսական խնդիրների պատճառո՞վ:

ԿԳՄՍ նախարարությունից ճշտել եմ, որ Պարալիմպիկ խաղերի համար գումարը փոխանցվել է, ամեն ինչ կա, որեւէ խնդիր չկա: Պետությունը գումարը հատկացրել էր, որ Հայաստանը ներկայացուցիչ ունենա Պեկինում:

Ես շարունակում եմ իմ մարզումները: Պատրաստվում եմ հերթական մրցաշարերին: Այս պահին մարզում եմ նաեւ  44-օրա պատերազմում վիրավորված տղաների:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.