Վարդան Մինասյան. Հենրիխ Մխիթարյանի հեռանալով՝ հայկական ֆուտբոլի մի ամբողջ դարաշրջան գրեթե ավարտվեց

22:10   3 մարտի, 2022

Հենրիխ Մխիթարյանը մոտիվացիայի պակաս երբեք չի ունեցել ազգային հավաքականի խաղերում: Երբ ես էի հավաքականի մարզիչը, երբեք չեմ տեսել, որ Մխիթարյանը դաշտում ինչ-որ բան անի կիսով չափ կամ չուզենալով: Նրա մոտիվացիան միշտ բարձր է եղել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ մեկնաբանելով իտալական «Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունը ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։

«Ինձ համար անակնկալ էր Հենրիխ Մխիթարյանի այս որոշումը: Համենայն դեպս՝ սա այն որոշումն էր, որը, վստահ՝ նրան շատ դժվար է տրվել: Նա 15 տարի անցկացրել է հավաքականում, եղել է ավագ, առաջատար: Կարծում եմ՝ այս որոշման շուրջ Մխիթարյանը շատ երկար է մտածել: Ամեն դեպքում՝ պետք է հարգենք նրա որոշումը, շնորհակալություն հայտնենք այն ամենի համար, ինչ նա արել է խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս:

Նորանկախ Հայաստանում հայկական ֆուտբոլն ասոցացվել եւ ասոցացվում է  Մխիթարյանի հետ: Երբ ասում ենք հայ ֆուտբոլիստ, բոլորիս մոտ էլ առաջինը Հենրիխ Մխիթարյանի անունն է գալիս: Նա իր օրինակով, դաշտում, թե դաշտից դուրս շատ բան է տվել հայկական ֆուտբոլին եւ ոչ միայն: Շատ մարդիկ, երկար տարիներ լինելով սպորտում կամ քաղաքականության մեջ, այդքան օգուտ չեն տվել մեր երկրին, հայ ազգին:

Պատճառների մասին դժվար է խոսելը: Կարդացել եմ՝ ինչ է գրել: Եթե ինչ-որ խորքային հարցեր կան, կարծում եմ՝ միայն նա կարող է պատասխանել: Ինքս չեմ կարող մեկնաբանել, թե ինչու որոշեց հեռանալ հավաքականից: 

30-ից հետո բոլոր ֆուտբոլիստները, որոնք բարձրակարգ ակումբներում եւ առաջատար առաջնություններում են խաղում, շատ ուժ եւ հույզեր են վատնում, որովհետեւ այնտեղ ամեն ինչ շատ ինտենսիվ է, դինամիկ: Այս պարագայում երկու բեւեռով խաղալը հաճախ բարդ է լինում: Հենրիխ Մխիթարյանը 33 տարեկան է, բայց չեմ կարծում, որ տարիքային խնդիր կա, քանի որ նա այնպիսի գենետիկա ունի, որ դեռ երկար տարիներ կարող է լինել բարձրակարգ ֆուտբոլում:

Հավաքականի արդյունքների պահանջը հիմնականում գլխավոր մարզիչից է լինում: Երկրպագուները, հանրությունը նաեւ պահանջում է այն ֆուտբոլիստներից, որոնք լիդերներն են, թիմը տանողները: Բնական է, որ պարտությունների դեպքում քննադատությունների առաջին ալիքի տակ մարզիչն ու լիդերներն են ընկնում:

Երբ ես էի հավաքականի մարզիչը, երբեք չեմ տեսել, որ Մխիթարյանը դաշտում ինչ-որ բան անի կիսով չափ կամ չուզենալով: Նրա մոտիվացիան միշտ բարձր է եղել: Բնական է, որ կարող է մի խաղ չստացվել ֆուտբոլիստի մոտ, բայց մոտիվացիայի պակաս երբեք չի ունեցել ազգային հավաքականի խաղերում: Ուղղակի, մենք խնդիր ունենք մեր տղաներին գնահատելու հարցում: Պետք է կարողանանք անհահաջողություններից հետո չքննադատել, բարձր գնահատել: Մեր ազգի մոտ կա այդ խնդիրը: Պետք չի ընկնել ծայրահեղությունների մեջ, մեր տղաներին, նույն հաջողությամբ մյուս ոլորտների, ներկայացուցիչներին պետք է բարձրացնել, գնահատել:

Հենրիխ Մխիթարյանի որոշումով եւ հեռանալով՝ հայկական ֆուտբոլի մի ամբողջ դարաշրջան գրեթե ավարտվեց,  էջ փակվեց: Դա 2008 թվականից սկսած հավաքականն էր: Նա մեծ դերակատարում ուներ այդ հավաքականում, առաջիններից էր եւ առաջատարներից: Հիմա սերնդափոխություն է ազգային հավաքականում՝ նոր անուններ, նոր դեմքեր:

Շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, բայց ես միշտ ասում եմ, որ ֆուտբոլում միայն տաղանդը քիչ է. ֆուտբոլիստը պետք է լինի նաեւ այնպիսին, ինչպիսին, շատ հեռու չգնամ՝ Հենրիխ Մխիթարյանն է: Հենրիխի ամենամեծ տաղանդը նրա մենթալիտետն է:

Կրկնվեմ՝ այն, ինչ ինքն է արել հայկական ֆուտբոլի, Հայաստանի համար, անգնահատելի է: Հաջողություն եմ մաղթում Մխիթարյանին հետագա ակումբային կարիերայում»,- ասաց Վարդան Մինասյանը:

Հենրիխ Մխիթարյանն ազգային թիմում հանդես էր գալիս 2007 թվականից՝ 95 խաղում խփելով 32 գոլ եւ դառնալով հավաքականի լավագույն ռմբարկուն։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.