ՄՕԿ-ը միջազգային ֆեդերացիաներին հորդորել է չեղարկել մրցումները Ռուսաստանում եւ Բելառուսում

19:22   25 փետրվարի, 2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) Գործադիր կոմիտեն մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին հորդորել է չեղարկել կամ տեղափոխել այլ երկրներ Ռուսաստանում եւ Բելառուսում նախատեսված միջազգային մրցումները, միջազգային մրցումների ժամանակ էլ արգելել Ռուսաստանի եւ Բելառուսի դրոշներն ու հիմները, հաղորդում է կազմակերպության կայքը։

«ՄՕԿ-ի Գործկոմը դատապարտում է Ռուսաստանի կառավարության եւ նրան աջակցած Բելառուսի կառավարության կողմից օլիմպիական զինադադարի խախտումը։

2021թ. դեկտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի անդամ 193 երկիր միաձայն ընդունեց օլիմպիական զինադադարի մասին բանաձեւը, որի համաձայն օլիմպիական զինադադարը  սկսվում է Օլիմպիական խաղերի մեկնարկից 7 օր առաջ եւ ավարտվում է Պարալիմպիկ խաղերի ավարտից 7 օր հետո։

Միջազգային մարզական ֆեդերացիաները պետք է հաշվի առնեն Ռուսաստանի եւ Բելառուսի կատավարությունների կողմից օլիմպիական զինադադարի խախտումը եւ բացարձակ ուշադրություն դարձնեն մարզիկների անվտանգությանը։

ՄՕԿ-ը որեւէ միջոցառում չի նախատեսում Ռուսաստանում եւ Բելառուսում»,- նշվում է ՄՕԿ-ի հայտարարությունում։

ՈւԵՖԱ-ն արդեն հայտարարել է ռուսական ակումբային եւ հավաքական թիմերի մասնակցությամբ տնային հանդիպումները չեզոք խաղադաշտերում անցկացնելու մասին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։