17:27 24 փետրվարի, 2022Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը հերթական ռեկորդն է սահմանել, այս անգամ ճկույթով:
Փետրվարի 24-ին Երեւանի Կարեն Դեմրիճյանի անվան Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում Յուրի Սաքունցը ճկույթով 10 մետր վագոն (33 տոննա) տեղաշարժեց։ Սա համարվում է Գինեսի ռեկորդ եւ առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով:
«Ճկույթով ռեկորդ սահմանելու միտք ունեցել եմ դեռ 16 տարեկանում, երբ առաջին անգամ էի ռեկորդ անում: Միշտ մտածել եմ այնպիսի ռեկորդ սահմանել, որ տարբերվող լինի: Մարդիկ քաշում են ատամներով, մազերով, ամբողջ մարմնով, ես որոշեցի ճկույթով ռեկորդ անել: Ճկույթ մատով ռեկորդներ անել սկսել եմ փոքր քաշ ունեցող մեքենաներից: Առաջին ռեկորդս եղել է 3 տոննա մեքենան: Տարիներ անց մարզումների արդյունքում այսօր 33 տոննա քաշ ունեցող գնացքի վագոն քաշեցի ճկույթով:
Բարդ է ճկույթով այդքան քաշ ունեցող վագոն, ավտոմեքենա, ավտոբուս տեղաշարժելը: Այդ ամենը մարմնի մկանային համակարգի ճիշտ կառավարումով է տեղի ունենում: Մարմնի մի մասով չես կարող, օրինակ, մեկ տոննա ծանրություն քաշել: Ես կենտրոնացնում եմ իմ մարմնի ամբողջ մկանային համակարգը, ինձ համար հենման կետ եմ գտնում, ճկույթով ճոպանն եմ ձգում, բայց ամբողջ մարմնիս ուժն եմ ներդնում դրանում: Մարդու մարմինն ունի 640-660 մկան: Այդ պահին ես դրանք դարձնում եմ մեկ մկան ու ուժս կենտրոնացնում եմ քաշելու պրոցեսի մեջ:
Սա Հայաստանի իմ 22-րդ ռեկորդն էր, աշխարհի 6-րդ եւ, եթե հաստատվի, գինեսի 4-րդ ռեկորդ կլինի: Տեսանյութերը կուղարկենք Գինեսի հանձնաժողով, աշխարհի ռեկորդների տարբեր ասոցացիաներին, նաեւ հայտ եմ ուղարկել Արաբական Միացյալ Էմիրություններ, քանի որ այնտեղ էլ ես գրանցված եմ որպես ռեկորդակիր: Կսպասենք Գինեսի ռեկորդի հանձնաժողովին եւ հաստատված վկայականին: Գործընթացը կտեւի շուրջ 6 ամիս: Գինեսի նախորդ ռեկորդս 2020 թվականի սեպտեմբերի 21-ին է եղել՝ ձեռքերի վրա քայլելով ատամներով 4 տոննա ավտոմեքենա եմ տեղաշարժել:
Ռեկորդս նվիրում եմ մեր զինվորներին, նաեւ Հայաստանի, Արցախի, սփյուռքի հայերին: Այսօր հատուկ համազգեստ էի կրում, որի հեղինակը ես էի. ձախ թեւիս Արցախի դրոշն է, աջին՝ Հայաստանի, եւ ուներ զինվորական համազգեստի նախշեր: Հատուկ այս ռեկորդի համար էի համազգեստը մտածել: Սա մի միջոց է, որ մեր ազգին եւս մեկ անգամ մեծարենք, համախմբենք, հպարտանալու առիթ տանք: Ամենակարեւոր ուղերձս ցանկացած առիթով մեր երախտիքի խոսքը պատերազմում զոհված հերոսներին ասելն է: Ռեկորդս նվիրվում է նրանց հիշատակին»,- ասաց Յուրի Սաքունցը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.