The Airthings Masters. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

22:16   22 փետրվարի, 2022

Շախմատային The Airthings Masters օնլայն մրցաշարում փետրվարի 22-ին անցկացվում են նախնական փուլի վերջին երեք տուրերը։

Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 13-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։  58-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։ Խաղատախտակին մնացել էին միայն արքաները։

 Արոնյանը 18 միավորով 9-րդն է, Կարլսենն ունի 21 միավոր եւ 5-րդն է։

Նախավերջին տուրում Արոնյանը կմրցի ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի, վերջին տուրում՝ ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ։

Հայ գրոսմայստերը նախորդ տուրերում հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին, չինացի Դին Լիրենին, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային, ոչ ոքի խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի, վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, հոլանդացի Անիշ Գիրիի եւ կանադացի Էրիկ Հանսենի հետ, պարտություն կրել 18-ամյա ամերիկացի Հանս Նիմանից, հնդիկ Ռ․ Պրագնանադհայից եւ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւից։

Նախնական փուլին մասնակցում է 16 շախմատիստ։ 8 լավագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։ Հաղթանակի համար տրվում է 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

The Airthings Masters-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից առաջինն է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.