Կամիլա Վալիեւայի դոպինգ թեստը դրական է, ՄՕԿ-ը կդիմի Մարզական վճռաբեկ դատարան

10:23   11 փետրվարի, 2022

Միջազգային դոպինգ թեստավորման գործակալությունը հաստատել է, որ գեղասահքի Ռուսաստանի հավաքականի 15-ամյա մենասահորդուհի Կամիլա Վալիեւան Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ ունեցել դոպինգի դրական պատասխան եւ հեռացված է եղել մրցումներից Ռուսաստանի հակադոպինգային գործակալության կողմից, հաղորդում է tass.ru-ն։

Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը թեստն արել է Սանկտ Պետերբուրգում անցկացված Ռուսաստանի առաջնության ժամանակ՝ դեկտեմբերի 25-ին։ Մարզուհու արյան նմուշի մեջ արգելված տրիմետազիդինի մասին պատասխանը ռուսական կողմը ստացել է փետրվարի 8-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալության հավատարմագրում ունեցող ստոկհոլմյան լաբորատորիայից (Շվեդիա)։

Հաշվի առնելով մարզուհու տարիքը՝ դրական դոպինգ թեստի մասին հրապարակային հայտարարություն չի եղել։ Միջազգային դոպինգ թեստավորման գործակալությունը մարզուհուն հայտնել է, որ նա ժամանակավոր հեռացված է մրցումներից։

Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 9-ին վիճարկել է որոշումը եւ Ռուսաստանի հակադոպինգային կոմիտեի Կարգապահական հանձնաժողովը թույլատրել է Վալիեւայի մասնակցությունը Օլիմպիական խաղերին։

Միջազգային օլիմպիական կոմիտեն այս որոշումը կբողոքարկի Մարզական վճռաբեկ դատարանում։

Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան եւս պաշտոնապես հայտարարել է, որ Մարզական վճռաբեկ դատարանում կվիճարկի Ռուսաստանի հակադոպինգային գործակալության որոշումը եւ կպահանջի վերականգնել Կամիլա Վալիեւայի ժամանակավոր հեռացումը մրցումներից։

ՄՕԿ-ից պաշտոնապես հաստատել են, որ գեղասահքի թիմային մրցման պարգեւատրման արարողությունը տեղի չի ունեցել Կամիլա Վալիեւայի դրական դոպինգ թեստի վիճարկման պատճառով։

Ռուսաստանի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Կամիլա Վալիեւան հայտավորված է նաեւ մենասահքի օլիմպիական մրցաշարին։ Կարճ ծրագիրը տեղի կունենա փետրվարի 15-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.