Պեկին-2022. Փետրվարի 11-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից

09:46   11 փետրվարի, 2022

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 11-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից: Մեդալային 7-րդ օրը մեկնարկ դուրս կգա դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:

Երեւանի ժամանակով 11:00-ին կտրվի տղամարդկանց դահուկավազքի հերթական մրցատարածության մեկնարկը: Միքայել Միքայելյանը կմասնակցի դասական ոճով 15 կմ մրցատարածությանը: Մեկնարկ դուրս կգա 50 երկրի 99 դահուկավազորդ: 

Միքայել Միքայելյանը ծնվել է 1999 թվականին Աշոցքում, դահուկավազորդների ընտանիքում: Անձնական մարզիչներն են հայրը եւ մայրը՝ Արթուր եւ Ալլա Միքայելյանները: Դահուկավազքով զբաղվում է փոքր տարիքից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր, 2021 թվականի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում 30 երկրների 71 մասնակցի հետ պայքարում 36։17.10 արդյունքով գրավել է 8-րդ տեղը: Սա Հայաստանի լավագույն արդյունքն է դահուկավազքում:

Պեկին-2022-ը Միքայել Միքայելյանի երկրորդ Օլիմպիական խաղերն է: Նա մասնակցել է նաեւ Փհենչյան-2018-ին, որտեղ դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) 80 մարզիկների մեջ գրավել էր 72-րդ տեղը, իսկ 15 կմ դասական ոճում 83-րդն էր:

Միքայել Միքայելյանը մասնակցել է նաեւ Լիլեհամեր-2016 ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերին:

Պեկին-2022-ի մասնակցության իրավունքը ձեռք է բերել վարկանիշային միավորներով (55.16):

Սա Միքայել Միքայելյանի երկրորդ եւ վերջին մեկնարկն է Պեկին-2022-ում: Փետրվարի 6-ին 23-ամյա դահուկավազորդը մասնակցեց սկիաթլոն մրցաձեւի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճերում: 34 պետությունների 70 մասնակիցներից եզրագիծը կարողացավ հատել  49 դահուկավազորդ: 21 մասնակից չհաղթահարեց մրցատարածությունը: Միքայել Միքայելյանը եզրագիծը հատեց 47-րդը: Նրա արդյունքը 1:25:53.7 է: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի օլիմպիական հավաքականից Ալեքսանդր Բոլշունովը 1:16:09,8 արդյունքով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.