Արտաշես Ներսիսյան․ Հռիփսիմե Խուրշուդյանի հետ ունենք պայմանավորվածություն

22:50   1 փետրվարի, 2022

Հռիփսիմե Խուրշուդյանի հետ պայմանավորվածություն ունեմ. եթե Եվրոպայի չեմպիոն չի դառնալու, մասնակցելու իմաստ չունի, նրան պատիվ չի բերի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Փետրվարի 1-ին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տեղի է ունեցել ծանրամարտի կանանց Հայաստանի առաջնությունը, որտեղ չեմպիոնները որոշվել են 10 քաշային կարգերում:

Առաջնությունը նշանավորվեց 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի վերադարձով եւ չեմպիոնությամբ:

Հավաքականի գլխավոր մարզիչին ուրախացրել է Խուրշուդյանի վերադառնալու որոշումը, բայց ծանրորդուհու հետ պայմանավորվածություն ունի:

«Հայաստանի առաջնությանն ունեինք 34 մասնակից: Աղջիկների արդյունքները բավարար էին այսօրվա համար: Հայաստանի առաջնությունում չի կարելի դիմել մեծ ռիսկերի, որոնք կարող են վատ հետեւանքներ ունենալ, վնասվածքների պատճառ դառնալ: Այդ բոլորը պահում ենք միջազգային մրցումների համար:

Այսօրվա ուրախ նորությունն այն էր, որ մասնակցեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Նրա արդյունքներն 85-90 տոկոս էին, ոչ ավելի: Հռիփսիմե Խուրշուդյանի հետ ունենք պայմանավորվածություն. եթե մենք հաղթելու ենք Եվրոպայի առաջնությունում, ուրեմն կգնանք, եթե ոչ, չենք մասնակցի:

Հռիփսիմե Խուրշուդյանին չի սազի գնալ Եվրոպայի առաջնության եւ զբաղեցնել երրորդ տեղ: Ժամանակին Ես այսպիսի պայմանավորվածություն ունեի նաեւ Նազիկ Ավդալյանի հետ, որ նա վթարից հետո վերադառնում է միայն հաղթելու պայմանով: Նույն պայմանն այժմ Հռիփսիմեի առջեւ է դրված:

Հայաստանի առաջնությունից առաջ նա հիվանդացել էր եւ այսօր մրցահարթակում զգացվեց, որ մի փոքր թույլ է: Հռիփսիմեի մարզավիճակը գնահատում եմ բավարար: Դեռ աշխատելու տեղ եւ ժամանակ ունենք մինչեւ Եվրոպայի առաջնություն, որը տեղի է ունենալու Ալբանիայում մայիսի վերջին, եթե ոչինչ չփոխվի:

Ունենք հավաքներ, որոնց ընթացքում կավելացնենք կիլոգրամները: Լիանա Գյուրջյանն ուներ մեջքի վնասվածք, ինքս թույլ տվեցի, որ չմասնակցի վնասվածքն ավելի չխորացնելու համար: Վնասվածք ունի նաեւ Արփինեն Դալալյանը, նա նույնպես ազատված էր:

Մարտի առաջին կեսից կսկսենք երիտասարդների հավաքները։ Նրանք կպատրաստվեն երիտասարդների աշխարհի առաջնությանը: Դրանից հետո կշարունակենք հավաքները մեծահասակների հետ, որոնք կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը:

Նորից եմ ասում՝ Հռիփսիմեի հետ մեր պայմանավորվածությունն այն է, որ եթե նա չպետք է չեմպիոն դառնա, ավելի լավ է չմասնակցի: Նա պետք է չեմպիոն դառնա: Իմաստ չունի աշխարհի մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր աղջիկը 6 տարի դադարից հետո վերադառնա սպորտ, մասնակցի Եվրոպայի առաջնությանն ու 2-րդ, 3-րդ տեղ զբաղեցնի: Դա նրան պատիվ չի բերի: Ուրեմն նա պետք է մասնակցի այն կարգավիճակում, որպեսզի նվաճի Եվրոպայի չեմպիոնի կոչումը»,- ասաց Արտաշես Ներսիսյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։