Մոուրինյո․ Մեր նախագիծը դանդաղ է առաջ շարժվում

23:34   21 հունվարի, 2022

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լեչեին» 3։1 հաշվով պարտության մատնելուց եւ հաջորդ փուլ դուրս գալուց հետո «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի խնդիրների մասին։

Քառորդ եզրափակիչում «Ռոմայի» մրցակիցը կլինի երկրի չեմպիոն Միլանի «Ինտերը»։

«Ցավոք, մեր կազմը սահմանափակ է, որոշ խաղացողներ հանգստի հնարավորություն քիչ են ստանում։ Նայլսն ու Օլիվեյրան ավելացրել են ընտրության տարբերակները, բայց մեր նախագիծը դանդաղ է առաջ շարժվում։

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դուրս գալու համար դեռ շատ բացեր ունենք, քանի որ մեզ սպասվում է ամենաբարդ հանդիպումը։ Առաջնությունում «Ինտերն» ունի ամենաուժեղ կազմը, բայց մենք կձգտենք զարմացնել։

Հույզերի եւ կրքերի տեսանկյունից ես շատ երջանիկ եմ լինել «Ռոմայում»։ Ֆուտբոլային տեսանկյունից պայքարը 4-8-րդ տեղերի համար այն չէ, ինչ ես կցանկանայի, բայց մեր նախագիծը զարգանում է, եւ հաջորդ մրցաշրջանում ավելի լավ արդյունքներ կունենանք։

«Լեչեի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում ահավոր էր մեր խաղը տեխնիկայի տեսանկյունից։ Խաղի վերահսկողությունը պետք է չլինի ինտենսիվության կորստի հաշվին։ Պետք է 10 մետրից փոխանցում կատարել եւ չսխալվել։ Մենք ենք կորցնում գնդակը, մրցակիցը չի խլում։ Սա է սկզբունքային տարբերությունը։

Երկրորդ խաղակեսում փոփոխություններից հետո մեր խաղը բարելավվեց։ Մխիթարյանն ու Ձանյոլոն փոխեցին խաղը։ Աբրահամի գոլը բեկումնային էր։

Կարող էինք ավելի լավ խաղալ առաջին խաղակեսում, բայց ես ցանկանում էի հանգստի հնարավորություն տալ նրանց, ովքեր երկրորդ խաղակեսում դուրս եկան խաղադաշտ։ Սակայն ես մտածում էի առաջնությունում հաջորդ խաղի մասին։ Զգացվում է նաեւ Պելեգրինիի բացակայությունը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» հունվարի 23-ին կհյուրընկալվի «Էմպոլիին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։