Ջոկովիչը կվտարվի Ավստրալիայից, AusOpen-ում նրան կփոխարինի Կարուզոն

12:26   16 հունվարի, 2022

Ավստրալիայի դաշնային դատարանը չի բավարարել աշխարհի առաջին ռակետ, Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչի բողոքարկումը։ Սերբ թենիսիստի մուտքի վիզան չի վերականգնվի, նա կվտարվի Ավստրալիայից, հաղորդու է AP-ն։

Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու համար Մելբուռն ժամանած Ջոկովիչը մուտքի վիզայի ձեւակերպման ժամանակ ներկայացրել էր փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ։

Ավստրալիայի բաց առաջնությունում Նովակ Ջոկովիչին կփոխարինի աշխարհի 150-րդ ռակետ, իտալացի Սալվատորե Կարուզոն։

Ավստրալիայի հակահամաճարակային կանոններով բոլոր օտարերկրացիները երկիր մուտք գործելու համար պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ հաստատված պատվաստանյութերով  (Pfizer, AstraZeneca, Moderna, Janssen, Sinovac, Sinopharm China, Bharat Biotech)։ Բժշկական բացառությունների մեջ չի մտնում նախորդ կես տարվա ընթացքում վարակված եւ առողջացած լինելը։ Սակայն Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն անցած ամիս մասնակիցներին նամակով տեղեկացրել էր, որ կարող են չպատվաստվել նաեւ կես տարում հիվանդացած եւ առողջացած թենիսիստները։

Սերբ թենիսիստը պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, քանի որ դեկտեմբերին վարակվել եւ առողջացել է։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը չեղարկել էր Ջոկովիչի վիզան, սակայն դատարանը բավարարել էր բողոքարկումը եւ վերականգնել այն։ 

Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուքը երկրորդ անգամ չեղարկել էր Ջոկովիչի մուտքի վիզան եւ երկրից վտարելու որոշում ընդունել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։