Սլավիկ Հայրապետյանն՝ Էստոնիայից․ Դեռ օլիմպիական ուղեգրի հույս կա, քանի որ առաջին պահեստայինն եմ

11:25   16 հունվարի, 2022

Եվրոպայի առաջնությունում իմ մասնակցությունից գոհ եմ։ Ազատ ծրագրում չկարողացա ցույց տալ իմ լավագույն արդյունքը։ Կշարունակեմ պատրաստվել եւ հավատով սպասել օլիմպիական ուղեգրին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Էստոնիայից ասաց Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը։

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց մենասահքի մրցաշարում Հայաստանի ներկայագուցիչը 167.84 արդյունքով գրավեց վերջին տեղը։

Կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը 67.75 միավորով գրավել էր 19-րդ տեղը եւ հաղթահարել որակավորման փուլը։

«Եվրոպայի առաջնությունում իմ մրցելույթից գոհ եմ։ Երկար ծրագրում չկարողացա ցույց տալ իմ լավագույն արդյունքը։ Հիմա շարունակում ենք պատրաստվել եւ հավատով սպասել Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգրին, նաեւ զուգահեռ բուժել բոլոր վնասվածքները։

Մինչեւ վերջին վայրկյանը դեռ օլիմպիական ուղեգրի հույս կա, քանի որ ես առաջին պահեստայինն եմ այժմ»,- ասաց Սլավիկ Հայրապետյանը։

Եթե օլիմպիական ուղեգիր նվաճած գեղասահորդներից որեւէ մեկը չկարողանա մեկնել Պեկին, մասնակցության իրավունքը կփոխանցվի հայ մարզիկին։

Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեցող Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը Եվրոպայի առաջնությունում  գրավել են 13-րդ տեղը՝ 168.43։

Պեկինի Օլիմպիական խաղերում տղամարդկանց մենասահքի կարճ ծրագիրը կանցկացվի փետրվարի 8-ին, ազատ ծրագիրը՝ փետրվարի 10-ին։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։