Սերբիայի նախագահ․ Ավստրալիան համարժեք պատասխան կստանա Ջոկովիչի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի համար

00:12   15 հունվարի, 2022

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստացել է համարժեք պատասխան տալ Ավստրալիային աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի մուտքի վիզայի չեղարկման հետ կապված սկանդալային իրավիճակի համար։

«Զարմացած եմ, որ այդպիսի որոշումներ կարող են ընդունել իշխանության մարմինները՝ հակադրվելով դատական մարմինների օրիանական որոշումներին։ Մեզ հաճախ են դասախոսություններ կարդում իրավունքի գերակայության մասին։ Այս օրինակով նրանք ցույց տվեցին, թե ինչ տեսք ունի անկախ արդարադատությունը եւ ինչ տեսք ունի ոչինչ չնշանակող արդարադատությունը։

Սերբիայի քաղաքացի Նովակ Ջոկովիչի դեմ հարձակումներն ու ճնշումները մեզ անհասկանալի պատճառներով հասել են այնպիսի աստիճանի, որ հարկ համարեցի ելույթ ունենալ եւ ասել, որ այս ամենն անպատասխան չի մնա։ Եթե չէիք ցանկանում Ջոկովիչին հնարավորություն տալ 10-րդ անգամ հաղթել Ավստրալիայի բաց առաջնությունում, ինչո՞ւ հենց սկզբից չհայտնեցիք այդ մասին։ Ինչո՞ւ եք ծաղրում եւ տանջում ոչ միայն նրան, այլեւ Ջոկովիչի ընտանիքին եւ մի ամբողջ ազգի։ Այդ ամենը ձեզ պե՞տք է ինչ-որ ընտրություններում հաղթելու եւ հասարակության հավանությանն արժանանալու համար։

Մենք կպայքարենք Ջոկովիչի համար։ Կարող եք հարյուրավոր զզվելի հոդվածներ գրել Ջոկովիչի մասին, բայց նա կմնա բոլոր ժամանակների լավագույն թենիսիստ։ Սերբիան կպատասխանի ձեզ՝ հարգելով միջազգային կանոնները եւ երկրի համարժեք վարքը»,- Վուչիչի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Նովակ Ջոկովիչի մուտքի վիզան երկրորդ անգամ չեղարկելու եւ Ավստրալիայից վտարման որոշումների բողոքարկումը փոխանցվել էր Ավստրալիայի դաշնային դատարան։ Սպասվում է, որ դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին։ Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուքն էր երկրորդ անգամ չեղարկել էր Ջոկովիչի մուտքի վիզան եւ երկրից վտարելու որոշում ընդունել։

Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանի հանդիպումը Ջոկովիչը պետք է անցկացնի հունվարի 17-ին։

Ավստրալիայի հակահամաճարակային կանոններով բոլոր օտարերկրացիները երկիր մուտք գործելու համար պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ հաստատված պատվաստանյութերով  (Pfizer, AstraZeneca, Moderna, Janssen, Sinovac, Sinopharm China, Bharat Biotech)։ Բժշկական բացառությունների մեջ չի մտնում նախորդ կես տարվա ընթացքում վարակված եւ առողջացած լինելը։ Սակայն Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն անցած ամիս մասնակիցներին նամակով տեղեկացրել էր, որ կարող են չպատվաստվել նաեւ կես տարում հիվանդացած եւ առողջացած թենիսիստները։

Ջոկովիչը պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, քանի որ դեկտեմբերին վարակվել եւ առողջացել է։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը չեղարկել էր Ջոկովիչի վիզան, սակայն դատարանը բավարարել էր բողոքարկումը եւ վերականգնել այն։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։