«Ռոման» պարտվեց «Յուվենտուսին», Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (ֆոտո, վիդեո)

23:27   9 հունվարի, 2022

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ռոման» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ պարտություն կրեց 3։4 հաշվով, թեեւ ընթացքում հաղթում էր 3։1 հաշվով։

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առաջինը հասավ հաջողության։ 11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ 7 րոպե անց թուրինյան թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան վերականգնեց հավասարությունը։ 48-րդ րոպեին «Ռոմային» առաջ մղեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ 53-րդ րոպեին հաշիվը 3։1 դարձրեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որը նաեւ գոլային փոխանցում էր կատարել Մխիթարյանին։

Սակայն 70-ից 77-րդ րոպեներին հյուրերը կարողացան 3 գոլ խփել։ Աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Մանուել Լոկատելին, շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին եւ իտալացի պաշտպան Մատիա Դե Շիլյոն։

81-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը։ 83-րդ րոպեին Պելեգրինին չկարողացավ արդյունավետ իրացնել «Յուվենտուսի» դարպասին նշանակած 11 մետրանոցը։ Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին սեյվ կատարեց։

Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Յուվենտուսը» 38 միավորով 5-րդ է, «Ռոման» 8-րդն է՝ 32 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 3։4 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 11, Հենրիխ Մխիթարյան, 48, Լորենցո Պելեգրինի, 53 – Պաուլո Դիբալա, 18, Մանուել Լոկատելի 70, Դեյան Կուլուշեւսկի, 72, Մատիա Դե Շիլյո, 77

Չիրացրած 11մ՝ Լորենցո Պելեգրինի, 83

Հեռացում՝ Մատեյս Դե Լիգտ («Յուվենտուս»), 81, երկրորդ դեղին քարտ

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։