«Միլանը» պարտության մատնեց «Ռոմային» (ֆոտո, վիդեո)

23:29   6 հունվարի, 2022

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Միլանը» հյուրընկալեց «Ռոմային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Արդեն 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը։ «Ռոմայի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը սեփական տուգանային հրապարակում խաղաց ձեռքով, եւ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն։ 17-րդ րոպեին «Միլանի» առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Ժունիոր Մեսյասը։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաշվի տարբերությունը կրճատեց 40-րդ րոպեին։ Թեմի Աբրահամը գրավեց ֆրանսիացի Միկ Մենյանի պաշտպանած դարպասը։

74-րդ րոպեին «Ռոման» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց հոլանդացի պաշտպան Ռիկ Կարսդորպը։

Թվային առավելությունը «Միլանը» գոլի վերածեց 82-րդ րոպեին։ Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

Ավելացված երրորդ րոպեին Լեաուի դեմ սեփական տուգանային հրապարակում խախտման համար հեռացվեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։ 11 մետրանոցին մոտեցավ Իբրահիմովիչը, սակայն չկարողացավ գրավել դարպասը։ Պորտուգալացի դարպասապահ Ռուի Պատրիսիուն դարձավ սեյվի հեղինակ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Միլանը» 45 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Ինտերից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռոման» 7-րդն է՝ 32 միավոր։

Առաջին շրջանում «Միլանը» Հռոմում հաղթել էր 2։1 հաշվով։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Միլան» - «Ռոմա»՝ 3։1 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 8, 11մ, Ժունիոր Մեսյաս, 17, Ռաֆայել Լեաու, 82 - Թեմի Աբրահամ, 40

Հեռացում՝ Ռիկ Կարսդորպ («Ռոմա»), 74, երկրորդ դեղին քարտ, Ջանլուկա Մանչինի («Ռոմա»), 90+3

Չիրացրած 11մ՝ Զլատան Իբրահիմովիչ («Միլան»), 90+4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։