Կարեն Աղամալյան․ 2021 թվականը կարելի է համարել հայկական բռնցքամարտի վերադարձի տարի (ֆոտո)

13:43   26 դեկտեմբերի, 2021

Մրցաշրջան-2021-ը պատմական եղավ հայկական բռնցքամարտի համար: Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հովհաննես Բաչկովը 13 տարվա դադարից հետո նվաճեց օլիմպիական մեդալ բռնցքամարտում Հայաստանի համար:

Այսքանով հայկական բռնցքամարտի հաջողությունները չավարտվեցին: Նոյեմբերի 5-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Հայաստանի հավաքականի անդամ, 22-ամյա գյումրեցի Դավիթ Չալոյանը նվաճեց բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոնի կոչումն ամենահեղինակավոր քաշային կարգում։ Հովհաննես Բաչկովն էլ Բելգրադում նվաճեց իր երրորդ բրոնզե մեդալն աշխարհի առաջնությունում:

22-ամյա Դավիթ Չալոյանն իսկական բացահայտում եղավ հայկական մարզաշխարհի համար: Աշխարհի փոխչեմպիոնի հաղթանակով ցնծեց ամբող մարզաշխարհը եւ Հայաստանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մրցաշրջան-2021-ը:

Պարոն Աղամալյան, ինչպիսի՞ն ստացվեց մրցաշրջան-2021-ը:

Տարին շատ լարված էր եւ հագեցած: Մրցաշրջան-2021-ում մի շարք հաջողություններ ունեցանք, որոնք շատ ուրախացրին բոլորիս: Տարեսկզբում երիտասարդների աշխարհի առաջնությունում հրաշալի արդյունք գրանցեց երիտասարդ Հովհաննես Փափազյանը՝ նվաճելով աշխարհի առաջնության արծաթե մեդալ: Փայլուն հաղթանակներ ունեցանք նաեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, որտեղ Արթուր Բազեյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, Համբարձում Հակոբյանը արծաթե մեդալակիր դարձավ:

Հագեցած տարվա ամենալարված շրջանն Օլիմպիական խաղերն էին, որտեղ Հովհաննես Բաչկովը պատմական հաջողություն գրանցեց՝ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալ նվաճելով:

Հաջողությունների շարքը շարունակվեց նաեւ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, որտեղ Դավիթ Չալոյանը փառահեղ հաղթանակով դարձավ աշխարհի փոխչեմպիոն, Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր:

Տաբեր տարիքային խմբերում՝ պատանիների, երիտասարդների Եվրոպայի առաջնություններում եւս լավ արդյունքներ ենք ունեցել, մեդալներ նվաճել:

Սպասվա՞ծ էին Ձեզ համար այս հաջողությունները՝ Օլիմպիական մեդալը, աշխարհի մեդալները:

Շատ գոհ եմ այս նվաճումներից: Մեդալների առումով վերջին տարիներին նման արդյունքներ չէինք ունեցել: Հաջող տարի էր: Եթե հաշվի առնենք Եվրոպայի, աշխարհի առաջնության մեդալները եւ հաջողությունները, 2021 թվականը կարելի է համարել հայկական բռնցքամարտի վերադարձի տարի:

Ո՞ր հաղթանակով առավել ուրախացաք։

Դժվար է առանձնացնել: Յուրաքանչյուրն էլ կարեւոր եւ սպասված հաղթանակներ էին մեզ համար: Օլիմպիական խաղերն, իհարկե, սպորտային նվաճումների գագաթնակետն է, բայց այս օլիմպիական մեդալը, Հովհաննես Բաչկովի այս հաջողությունը, սպասելի էր: Արդեն հասունացել էր պահը, որ նա պետք է փայլի օլիմպիական ռինգում:

Թերեւս կընդգծեմ Դավիթ Չալոյանի հաղթանակն աշխարհի առաջնությունում: Անկեղծ ասեմ՝ երեւի մի փոքր առավելությամբ շատ ուրախացանք Չալոյանի հաջողությամբ:

Դեռ ամռանը Դուք տարակուսում էի՝ Չալոյանին ընգրկե՞լ աշխարհի առաջնության կազմ, թե՞ ոչ: Մեր հարցազրույցներից մեկում եւս նշեցիք, որ կփորձեք Չալոյանին բանակայինների աշխարհի առաջնությունում եւ մեկ հաղթանակի դեպքում էլ նրան հնարավորություն կտաք մեծահասակների աշխարհի առաջնությունում: Կանխազգո՞ւմ էիք:

Այո, ես տեսնում էի, որ նա ունի լավ հնարավորություններ, բայց չուներ միջազգային մրցաշարերի մասնակցության փորձ: Այդ պակասը զգացվում էր նրա մոտ: Հենց այդպես էլ որոշել էի, որ մեկ հաղթանակի դեպքում էլ նրան հնարավորություն կտամ աշխարհի առաջնությունում:

2015 թվականին Չալոյանին հնարավորություն տվեցի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում պայքարել: Առաջին մենամարտում պարտվեց: Անփորձ տղա էր: Դրանից հետո նա գնաց բանակ: Զինծառայությունից վերադարձավ եւ մասնակցեց  Հայաստանի առաջնությանը: Իր քաշային կարգում կես ռաունդ մենամարտ արեց եւ դարձավ Հայաստանի չեմպիոն: Նրա անձնական մարզիչներին ասացի, որ Չալոյանին պատրաստեն բանակայինների աշխարհի առաջնությանը. սա իր համար հնարավորություն է՝ նվաճել մեծահասակների աշխարհի առաջնության մասնակցության իրավունք: Այդպես էլ պայման դրեցի նրա առաջ՝ մեկ հաղթանակ տանելու դեպքում գնալու է աշխարհի առաջնության: Բանակայինների աշխարհի առաջնությունում երկու հաղթանակ տարավ եւ բրոնզե մեդալ նվաճեց: Աշխարհի առաջնությունում ուղղակի փայլեց: Մենամարտից մենամարտ Բելգրադի ռինգում Դավիթն աճեց բոլորիս աչքի առաջ:

+92 կգ քաշային կարգում Հայաստանի պատմության մեջ աշխարհի, Եվրոպայի մեդալակիր երբեք չէինք ունեցել: Դավիթ Չալոյանի հաղթանակն իսկապես պատմական էր:

Ո՞վ եղավ տարվա Ձեր բացահայտումը:

Միանշանակ Դավիթ Չալոյանը: Բայց նա դեռ թիմի լիդեր չի: Դեռ շատ աշխատանք կա անելու հավաքականի լիդեր դառնալու համար: Շատ աշխատասեր է եւ հրաշալի տղա: Ցանկություն ունի մեծ նվաճումների հասնել:

Որո՞նք են 2022 թվականի նպատակներն ու անելիքները:

2022 թվականը եւս շատ հագեցած է լինելու մեզ համար: Երեւանում տեղի է ունենալու մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Խնդիրը լավագույնս հանդես գալն է եւ մեդալներ նվաճելը, չեմպիոններ ունենալը:

Հունվարի 25-ից 29-ը կանցկացնենք Հայաստանի առաջնություն, որին պետք է մասնակցեն բոլորը: Գուցե Հովհաննես Բաչկովը չմասնակցի եւ Կարեն Տոնականյանը, որը վնասվածք ունի:

Մինչեւ Եվրոպայի առաջնություն 1-2 միջազգային մրցաշարի կմասնակցենք: Այդ ընթացքում պարբերաբար հավաքների մեջ կլինենք՝ արտագնա եւ ներքին:

Եվրոպայի առաջնության հավաքների վերջին փուլը կանենք Երեւանում: Շատ թիմեր են դիմել, որ իրենց հետ համատեղ հավաքով պատրաստվենք Եվրոպային, բայց ես մերժել եմ, քանի որ ցանկանում եմ՝ իմ թիմը Երեւանում պատրաստվի եւ միայնակ: Համատեղ հավաքներ կանենք մինչ այդ:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրոպայի առաջնությունից:

Պատասխանատվությունը շատ մեծ է: Եվրոպայի առաջնությունը Երեւանում է, իսկ աշխարհի առաջնության արդյունքներից հետո հաղթանակների պահանջն ավելի մեծ է:  Ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանի հավաքականը փայլի Եվրոպայի առաջնությունում: Հովհաննես Բաչկովը նույնպես ցանկանում է մասնակցել. նրա մեծ նպատակն է՝ Երեւանում անցկացվող առաջնությունում հռչակվել Եվրոպայի եռակի չեմպիոն:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.