Հրանտ Պետրոսյան․ Սեպտեմբերի 19-ին մարզահամալիրի բացում եմ արել, մինչեւ հիմա չեմ կարողանում գազի հարց լուծել

16:38   21 դեկտեմբերի, 2021

Խոտի հոկեյը (մականախաղ) Հայաստանում ապագա չունի այնպես, ինչպես մյուս մարզաձեւերը։ Որեւէ մեկը չի ցանկանում օգնել։ Ունենք հրաշալի մարզադաշտ, մարզակառույց, որտեղ 4 օլիմպիական մարզաձեւ կարող է զարգանալ, բայց կառավարությունը, սպորտային ղեկավարությունը, օլիմպիական կոմիտեն չի ցանկանում օգնել, զարգացնել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է մականախաղի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ  Հրանտ Պետրոսյանը:

ՀՀ վաստակավոր մարզիչը Գյումրիում նախաձեռնել եւ հիմնել է «Սպորտ Սիթի» մարզահամալիր, որի մասին ազդարարվել էր 2013թ․ գարնանը։

Մարզահամալիրում առաջիկայում ստեղծվելու եմ մականախաղի, ֆուտբոլի կանանց թիմեր։ Հրանտ Պետրոսյանի սեփական միջոցներով ստեղծած մարզակառույցը զարգացնելու խնդիր ունի։

«Խոտի հոկեյը Հայաստանում ապագա չունի: Իմ կարծիքով՝ ոչ միայն խոտի հոկեյը, այլ նաեւ մյուս ձեւերը չունեն ապագա: Մեր երեխաները դատապարտված են պարապության: Երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում: Հայաստան վերադարձա մեղքի զգացումից ելնելով, որ կարող եմ ինչ-որ բան փոխել: Շուրջ 25 տարի Գյումրիի «Սպորտ Սիթիի» ծրագրով եմ զբաղվել, այդ ընթացքում հանդիպել գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների՝ քաղաքապետեր, մարզպետեր, Օլիմպիական կոմիտե, սպորտային ղեակավարության հետ։ Որեւէ մեկին չի հետաքրքրվել իմ ծրագիրը։

Մեր կառավարության համար մեր երեխաներն ավելի շատ ռեսուրս են՝ օգտագործելու եւ վերջում Եռաբլուր տանելու համար։ Վաճառելով իմ ամբողջ ունեցվածքը՝ տուն, բիզնես, սկսեցի «Սպորտ Սիթիի» շինարարությունը։ Սա մեծ սպորտային համալիր է 6 հեկտար տարածքով։ Ամեն հնարավորությունը կա․ խոտի հոկեյի հետ այնտեղ կլինի ռեգբի, աղջիկների ֆուտբոլ, լաքրոս։ Նպատակն է՝ երեխաներից պատրաստել պրոֆեսիոնալ մարզիկներ։ Գյումրին հայտնի է չեմպիոններով, բայց այս համալիրի շնորհիվ կարող ենք զարգացնել նաեւ խաղային ձեւերը, մեր երեխաներին հնարավորություն տալ հայտնվել աշխարհի լավագույն թիմերում։

Խոտի հոկեյը Հայաստանում ամենազարգացած խաղային ձեւն է եղել։ Ուղիղ 20 տարի բոլորին դիմել եմ։ Մենք դիմել ենք նաեւ ֆուտբոլի ֆեդերացիային։ Միակ պատասխանը, որ լսել ենք՝ դու ամեն ինչ արա, մենք քեզ կգրանցենք։

Օլիմպիական կոմիտե դիմել ենք։ Համալիրում հնարավոր է չորս օլիմպիական ձեւ զարգացնել՝ աղջիկների ֆուտբոլը, ռեգբին, լաքրոսը եւ խոտի հոկեյը։ Խնդիրն այն է, որ մենք ամեն ինչում հետ ենք մնացել՝ Սովետական Միությունից մնացած երեւույթներով։ Մարդիկ կան, որ մինչ օրս այս ոլորտում եմ մնացել։ Օրինակ՝ ես Սովետական Միության երիտասարդական հավաքականում էի խաղում, այն ժամանակ Տիկին Անժիկն էր սպորտկոմիտեում։ Նա հիմա էլ է այնտեղ։ Մնացած տեղերում էլ ամեն բաժնում իր կաթողիկոսն ունի։ Այդպես բոլորն իրենց հին ձեւերով, մտածելակերպով, ժամանակ էլ չունեն քեզ լսեն։ Այժմ էլ Օլիմպիական կոմիտեն կա, բայց դու իրենց համար չկաս, դու իրենց հետաքրքիր չես։ Իրենք գնում են «պարադների»  մասնակցում,  դրոշակներ թափ տալիս։

Գյումրիում սկսել են Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի շինարարությունը։ Շատ լավ է, 1000-2000 երեխա կկտրվի փողոցից։ Մենք էլ կարող ենք այդքան երեխա կտրել փողոցից։

Սեպտեմբերի 19-ին մարզահամալիրի բացում եմ արել, մինչ օրս չեմ կարողանում գազի հարց լուծել։ Պետություն-անհատ փոխհարաբերություն չկա։ Միայն հարկեր ու տուգանքներ են մուծում։

Դիմում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ցանկանում են իրական աշխատանք ունենալ, ներդրումներ անել։ Արդեն ամեն ինչ պատրաստ է, եւ սա լավ հնարավորություն է օգնել մեր երեխաներին զարգանալ, առաջ գնալ, զարգացնել հայկական սպորտը, խաղային ձեւերը»,- ասաց Հրանտ Պետրոսյանը։



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։