Վարազդատ Լալայանն` աշխարհի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

16:49   17 դեկտեմբերի, 2021

Վարազդատ Լալայանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության +109 կգ քաշայինների պայքարում: Ռիոյի  օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցեց 457 կգ (211+246), Գոռ Մինասյանը՝ 448 կգ (205+243):

Գոռ Մինասյանի համար պոկում վարժությունն անհաջող ստացվեց: Աշխարհի կրկնակի փոխչեմպիոնը վստահությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը՝ գլխավերեւում պահելով 205 կգ ծանրաձողը: Երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար Փաշիկ Ալավերդյանի համար պատվիրած 213 կգ-ն Մինասյանին չհաջողվեց պոկել: Նախ երկրորդ մոտեցմամբ ձախողեց, երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը փորձեց ավելացնել 213 կգ քաշը, բայց գրանցումներ կատարող հանձնաժողովը չգրանցեց: Փաշիկ Ալավերդյանը վիճեց, բայց նրա դժգոհությունը ոչինչ չփոխեց: Գոռ Մինասյանը ձախողեց նաեւ երրորդ փորձը եւ պոկում վարժությունում փոքր մեդալ չնվաճեց: Պայքարն ավարտեց 4-րդ տեղով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը փայլեց պոկում վարժությունում: Եվրոպայի բրոնզե մեդալակիրը հաջողությամբ կատարեց բոլոր երեք մոտեցումները: Նախ պոկեց 202 կգ, 207 կգ, ապա 211 կգ: Այս վարժությունում Լալայանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալը 225 կգ արդյունքով նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն: Նա գրանցեց համաշխարհային ռեկորդ պոկում վարժությունում:

Հրում վարժությունը Գոռ Մինասյանը մեկնարկեց 240 կգ-ով եւ վստահությամբ հրեց: Երկրորդ մոտեցման համար Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնը պատվիրեց 243 կգ եւ հաջողությամբ կատարեց: Երրորդ մոտեցմամբ ձախողեց 253 կգ-ն:

Վարազդատ Լալայանը առաջին մոտեցմամբ ձախողեց 240 կգ-ն: Երկրորդ մոտեցմամբ հրեց 242 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ էլ հաջողությամբ հրեց 246 կգ-ոց:

Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը նվաճեց փոքր արծաթե մեդալ, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալ:

Աշխարհի չեմպիոնի կոչումը 5-րդ անգամ նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն: Վրացի ծանրորդը երկամարտում գրանցեց 492 կգ (աշխարհի ռեկորդ) (225+267՝ աշխարհի ռեկորդ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։