09:02 12 դեկտեմբերի, 2021Երջանիկ եմ, որ կարողացա այսքան երեխայի ուրախություն պարգեւել: Մարմարաշենցիները միշտ իմ կողքին են մրցաշարերի ժամանակ, այժմ էլ ես եմ ուզում նրանց կողքին լինել եւ իմ հնարավորությունների չափով նրանց տոնական օրերը գեղեցկացնել: Չէի սպասում, որ այսքան ջերմ կընդունվի նախաձեռնությունս եւ այսքան երեխա ներկա կգտնվի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ գյուղի գլխավոր տոնածառի բացումը:
Նախորդ շաբաթ 22-ամյա ըմբիշը սոցցանցերում տեղեկացրել էր, որ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության պետական պարգեւավճարները տրամադրել է բարեգործության: Մ23 աշխարհի չեմպիոնը տոնածառ էր գնել Մարմարաշենի համար:
Դեկտեմբերի 11-ին մեծ շուքով, Ձմեռ Պապով, երգ ու պարով Արսեն Հարությունյանի մասնակցությամբ վառվեցին տոնածառի լույսերը:
«Թեեւ դրսում շատ ցուրտ է, բայց գրեթե ամբողջ գյուղը եկել է մասնակցելու մեր ուրախությանը: Կարծում եմ, սա իսկական տոն է յուրաքանչյուր փոքրիկի համար: Ինձ համար էլ է տոն, քանի որ ես էլ նրանց պես ուրախանում եմ իրենց ժպիտները տեսնելով: Երջանիկ եմ, որ այսքան երեխայի կարողացա ժպիտ պարգեւել:
Բարեգործություն անել շատ եմ սիրում, երջանիկ եմ ինձ զգում, երբ կարողանում եմ ինչ-որ մեկի ուրախություն պարգեւել: Այս անգամ որոշել էի, որ գյուղի երեխաներին պետք է ուրախացնեմ: Մանկուց այսպիսի երազանք ունեի, որ մեծանամ եւ մեր գյուղի համար մեծ տոնածառ գնեմ, շատ երեխաներ գան ու միասին վառենք տոնածառի լույսերը:
Իմ գյուղը, Մարմարաշենը միշտ իմ կողքին է եղել՝ հաղթանակների, պարտությունների ժամանակ: Ես միշտ զգացել եմ իմ գյուղի աջակցությունը մրցաշարերի ժամանակ: Այժմ ժամանակն է, որ ես լինեմ իմ գյուղի կողքին: Երեւի կյանքում չեմ մոռանա այս օրը, երեխաների այս ուրախությունը»,- ասաց Արսեն Հարությունյանը:
Գյուղի գլխավոր տոնածառը տեղադրված է Մարմարաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում: Տարածքն ամբողջությամբ զարդարված է եւ լուսավորված, որը նույնպես ապահովել է Արսեն Հարությունյանը:
Գլխավոր տոնածառի լույսերը վառելու էր եկել գրեթե ամբողջ համայնքը՝ մեծից փոքր: Երեխաներին մասնավորապես ուրախացրեց Ձմեռ պապը, որն էլ հետհաշվարկով վառեց լույսերը: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մեծ հրավառություն հատուկ փոքրիկների համար: Գյուղում նախատոնական տրամադրություն ստեղծելու եւ համայնքը զարդարելու համար Արսեն Հարությունյանին շնորհակալություն հայտնեց Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա Տեր Ղազարը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.