Մագնուս Կարլսենը երրորդ անգամ հաղթեց Յան Նեպոմնյաշչուն չեմպիոնական մրցամարտում

20:26   7 դեկտեմբերի, 2021

Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում  աշխարհի չեմպիոն, 31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը (2855) երրորդ հաղթանակը տարավ տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի (2782) նկատմամբ՝ ընդհանուր հաշիվը դարձնելով 6։3։ 9-րդ պարտիայում Կարլսենը հանդես եկավ սեւ ֆիգուրներով եւ հաղթեց 39 քայլում։

Կարլսենն առավելության էր հասել նաեւ 6-րդ եւ 8-րդ պարտիաներում։ Մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։

Հաջորդ պարտիան տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։

Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կճանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։