19:32 4 դեկտեմբերի, 2021Հայաստանի ուժային եռամարտի եւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների համագործակցությամբ դեկտեմբերի 4-ից Երեւանի Orange Fitness ակումբում մեկնարկել է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը:
Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 200-ից ավելի մարզիկ-մարզուհի, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ:
Ըստ ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի, 2021 թվականի առաջնությունն աննախադեպ է մասնակիցների թվով:
«Ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունն անցկացնում ենք երեք մրցաձեւերից՝ կքանիստ, սեղմում հենարանից եւ ձգում, իսկ հաշմանդամություն ունեցող մարզիկները պայքարում են սեղմում հենարանից մրցաձեւում:
Ունենք աննախադեպ թվով մասնակիցներ՝ ավելի քան 200 հայտագրված մասնակից: Այսպիսի բարձր թվով մասնակցություն չէինք ունեցել, ինչը շատ ուրախալի է: Նաեւ ուրախացնող է աղջիկների մասնակցությունը:
Հաշմանդամային սպորտից ունենք բարձր մասնակցություն, որը տարբեր գործոններով է պայմանավորված: Ցավոք՝ հաշմանդամություն ունեցողները շատացել են: Ուրախացնող է այն, որ նրանք շարունակում են ապացուցել, թե որքան ուժեղ են:
Մարզաձեւի նկատմամբ ունենք հետաքրքրության ակնհայտ բարձրացում: Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ սովորական մարզասրահներում կարելի է զբաղվել բոլոր մրցաձեւերով եւ փորձել գրանցել բարձր արդյունք մրցաշարերում, մտնել պայքարի մեջ:
Այս տարի Հայաստանի առաջնության հաղթողները բարձր մրցանակային ֆոնդով չեն պարգեւատրվի: Միայն բացարձակ հաղթողները կպարգեւատրվեն եւ Հայաստանի նոր ռեկորդներ սահմանողները: Սա հատուկ նպատակ ունի, որպեսզի այսկերպ միջազգային մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչների արդյունքներն ավելի բարձրացնենք»,- ասաց Սերգեյ Ասատուրովը:
Հայաստանի առաջնությունը կտեւի երկու օր եւ կավարտվի դեկտեմբերի 5-ին: Առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել տղամարդկանց ուժային եռամարտի -59 կգ, -66 կգ, -74 կգ, -83 կգ, -93 կգ, -105 կգ, -120 կգ եւ +120 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:
Երկրորդ մրցումային օրը կմասնակցեն կանայք (-47 կգ, -52 կգ, 57 կգ, -63 կգ, -72 կգ, -84 կգ, +84 կգ) եւ հաշմանդամություն ունեցող մարզիկները (-49 կգ, -54 կգ, 59 կգ, -65 կգ, -72 կգ, 80 կգ, -88 կգ, -97 կգ, 107 կգ եւ +107 կգ):
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանին գոհացնում է մարզիկների արդյունքները:
«Հաճելի է, որ տարեցտարի մեր մարզիկներն իրենց արդյունքները բարելավում են, ավելացնում են: Կարծում եմ՝ մեր կազմակերպած մրցումներն ավելի են մոտիվացնում մարզիկներին: Ամեն տարի մեծ աճ է զգացվում նախորդ տարվա արդյունքների համեմատ: Առաջնության արդյունքներով կձեւավորենք հավաքական, որը կմասնակցի հաջորդ տարվա միջազգային մրցաշարերին: Ինձ համար ավելի կարեւոր է հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունը. փորձում ենք նրանց օգնել` ապրելու, առաջ նայելու ձգտումը ավելացնել»,- նշեց Լեւոն Քոչարյանը:
Հայաստանի առաջնությանը մասնակցում է հաշմանդամություն ունեցող 67 մարզիկ, որոնցից շատերը 44-օրյա արցախյան պատերազմի մասնակիցներ են: Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը կարեւորում է հաշմված մարզիկների մասնակցությունը ցանկացած մրցաշարերում:
«Մասնակիցների 30 տոկոսը զինհաշմանդամներ են, որոնցից 10-ը այս պատերազմում են հաշմանդամություն ձեռք բերել: Վաղը նրանք կպայքարեն լավագույնի կոչման համար: Բոլորն էլ շատ լավ են պատրաստված: Չնայած շատ այլ բարդությունների, մեր մարզիկները մեծ աշխատանք են կատարել, անդադար մարզվել, որպեսզի լավ մարզավիճակում դուրս գան մրցահարթակ:
Ցանկացած մարզիկի, այդ թվում հաշմանդամություն ունեցողների համար շատ կարեւոր է հաղթողի կերպարում ապրելը: Մենք՝ հաշմանդամություն ունեցողներս ամեն օր ենք պայքարում առօրյայի, մեր շրջապատի հետ, որպեսզի լինենք ոտքի վրա, իսկ երբ հաջողություն ենք ունենում մարզական ոլորտում, հաղթող ենք ճանաչվում, ավելի է ամրապնդում մեզ»,- շեշտեց Սարգիս Ստեփանյանը:
Հայաստանի առաջնության առաջին մրցումային օրն արդեն գրանցվել են Հայաստանի նոր ռեկորդներ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.