Մագնուս Կարլսեն - Յան Նեպոմնյաշչի․ 7-րդ պարտիա՝ ուղիղ եթեր

16:29   4 դեկտեմբերի, 2021

Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում  դեկտեմբերի 4-ին 7-րդ պարտիայի օրն է։ Շախմատի միջազգային ֆեդերացիայի յութուբյան ալիքը ներկայացնում է ուղիղ հեռարձակում մեկնաբանությունով։

Աշխարհի չեմպիոն, 31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենի (2855) եւ տիտղողի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի (2782) մրցամարտում 6 պարտիայից հետո 3,5։2,5 հաշվով հաղթում է չեմպիոնը։

6-րդ պարտիայում գրոսմայստերները գերազանցեցին համաշխարհային թագի համար մրցամարտերում ամենաշատ քայլերի ռեկորդը։

Երեւանի ժամանակով 16։30-ից մեկնարկած պարտիայում 7 ժամ 45 րոպեում կատարվեց 136 քայլ։ 5 ոչ ոքիներից հետո հաղթանակ տարավ Կարլսենը, որը խաղում էր սպիտակ ֆիգուրներով։

Նախորդ ռեկորդը 1978 թվականին սահմանել էին Անատոլի Կարպովն ու Վիկտոր Կորչնոյը՝ 124 քայլ։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։

Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կճանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։