Բրունու Ֆերնանդեշ․ Բոլորն անհամբեր սպասում են նոր մարզիչի հետ աշխատանքին

14:09   3 դեկտեմբերի, 2021

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը նշել է, որ թիմում բոլորն անհամբեր սպասում են նորանշանակ գլխավոր մարզիչ, գերմանացի Ռալֆ Ռանգնիկի հետ աշխատանքի մեկնարկին։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո, նախորդ երեք խաղերում թիմը ղեկավարում էր անգլիացի Մայքլ Քերիկը, որը «Արսենալի» հետ դիմակայությունից հետո հայտարարել է ակումբից հեռանալու մասին։

«Երբ գալիս է նոր մարզիչ, հայտնվում են նոր հնարավորություններ։ Բոլորն էլ շանս ունեն հայտնվելու խաղադաշտում։ Յուրաքանչյուրը պետք է շատ աշխատի, որպեսզի մեկնարկային կազմում տեղ ունենալու հնարավորություն ստանա։

Բոլորս անհամբեր սպասում ենք նոր մարզիչի հետ աշխատանքին։ Մենք կհանդիպենք ուրբաթ եւ կսկսենք պատրաստվել հաջորդ հանդիպմանը,- Բրունու Ֆերնանդեշի խոսքը մեջբերում է BBC Sport-ը։

Ֆերնանդեշի համար «Արսենալի» հետ խաղը 100-րդն էր «Մանչեսթեր Յունայթեդում» Նա դարձավ նաեւ գոլի հեղինակ։

Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդը» կղեկավարի Անգլիայի առաջնության 15-րդ տուրից։  Դեկտեմբերի 5-ին մանչեսթերյան թիմը կընդունի Լոնդոնի «Քրիսթալ Փելասին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։