MMA. Մաքսիմ Մանուկյանի եւ Վալոդյա Ֆրանգուլյանի մենամարտերի օրը հայտնի է

15:28   26 նոյեմբերի, 2021

Խառը մենամարտերում (MMA) Մաքսիմ Մանուկյանի երրորդ մենամարտի օրն արդեն հայտնի է: Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Լոս Անջելեսում՝ LXF 7 մրցաշարում: Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը կլինի 25-ամյա ամերիկացի Զաքարի Բորրեգոն (3-3-0): 

Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանի երրորդ մենամարտը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 30-ին Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքում, սակայն հետաձգվել էր:

Մաքսիմ Մանուկյանը խառը մենամարտերում նորամուտը նշել է 2021 թվականի օգոստոսի 8-ին LXF5 մրցաշարում եւ հաղթել մեծ առավելությամբ։ Երկրորդ մենամարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Կալիֆորնիայի «Վալի Սենթեր» մարզապալատում Gladiator Challenge մրցաշարի Underground 2 երեկոյում: Այստեղ նույնպես աշխարհի չեմպիոնը վստահ հաղթանակ է տարել:  

Դեկտեմբերի 10-ին LXF 7-ի ութանկյուն դուրս կգա նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը, որը կանցկացնի իր չորրորդ մենամարտը MMA-ում:

Ֆրանգուլյանի մրցակիցը ամերիկացի Վինսենթ Քոլոնելն է (0-1-0):

Նախորդ մենամարտը Ֆրանգուլյանն անցկացրել է հոկտեմբերի 30-ին Կալիֆորնիայի Բրբանք քաղաքում տեղի ունեցած LXF 6 մրցաշարում, որտեղ հաղթել է մեծ առավելությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։