Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Ստեփանյանն՝ ԱՄՆ-ից․ Բազկամարտը մեծ հեռանկարներ ունի Հայաստանում (ֆոտո)

01:25   9 նոյեմբերի, 2021

Մենք թուրք եւ ադրբեջանցի մարզիկներից միշտ ֆիզիկապես ամուր ենք, բայց դրա մասին մտածում ենք մենամարտերից եւ նրանց հաղթելուց հետո:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց բազկամարտիկ, աշխարհի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի 65 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Դավիթ Ստեփանյանը:

Գործող բազկամարտիկը 44-օրյա պատերազմի մասնակից է: 2020 թվականի սեպտեմբերի 27-֊ին կամավորագրվել է Տավուշի Շամշադինի շրջանի պաշտպանության համար: Հոկտեմբերի 10-ին կամավորական ջոկատով մեկնել է Արցախ, Մատաղիսի շրջան՝ մարտական գործողությունների: Մարզիկը պատերազմից հետո տեղափոխվել է ԱՄՆ: Այս շրջանում բնակվում եւ մարզվում է Լոս Անջելեսում: Վերջերս ԱՄՆ-ում անցկացված LEGION SPORTS FEST ARMWRESTLING միջազգային մրցաշարում երկու ձեռքերով էլ ճանաչվել է հաղթող:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում բազկամարտիկը խոսել է հայկական բազմկամարտի, մարզաձեւի հեռանկարների, մարզական կարիերայում մեծ երազանքի եւ ԱՄՆ տեղափոխվելու նպատակների մասին:

Դավիթ, շնորհավում եմ ԱՄՆ-ի մրցաշարում հաղթանակից կապակցությամբ: Նախքան այդ, պատմիր, թե ինչպե՞ս եւ ո՞ւմ խորհրդով ես սկսել զբաղվել բազկամարտով:

Բազկամարտով սկսել եմ զբաղվել 2011 թվականից: Առաջին մրցումս եղել է Հայաստանի առաջնությունը, որտեղ առաջին հաղթանակս եմ գրանցել: Մարզական կարիերայիս հենց սկզբում երկու տարի անընդմեջ դարձա մինչեւ 18 տարեկանների Հայաստանի չեմպիոն, իսկ մեծահասակներում զբաղեցրի երրորդ տեղը: 2012 թվականին առաջին անգամ մասնակցեցի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրի երրորդ տեղը: Նույն տարում մասնակցեցի նաեւ երիտասարդներում աշխարհի առաջնությանը եւ նվաճեցի արծաթե մեդալ: 2013-2015 թվականներին զինծառայության անցա ՀՀ զինված ուժերի կազմում: Ծառայությունից հետո շարունակեցի զբաղվել բազկամարտով: Մեծահասակներում առաջին հաջողությունս եղել է 2018 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ բրոնզե մեդալակիր դարձա: 2019 թվականին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրի երրորդ տեղը, աշխարհի առաջնությունում՝ դարձա փոխչեմպիոն: Նույն տարում հաղթեցի նաեւ աշխարհի գավաթում:

Բազկամարտով սկսել եմ զբաղվել իմ ծննդավայրում՝ Իջեւանի Գոտահովիտ գյուղում, մարզիչ, աշխարհի չեմպիոն Արմեն Չափուխյանի մոտ: Մինչեւ բազկամարտով զբաղվելը հետաքրքրված էի ըմբշամարտով: Հաճախում էի մարզումների: Հետո իմացա, որ Արմեն Չափուխյանը ակումբ է հիմնել մեր գյուղում, սկսեցի հաճախել բազկամարտի:

Հայաստանի հավաքականի կազմում մեծ ձեռքբերումներից հետո, ինչը դարձավ պատճառ, որ տեղափոխվես ԱՄՆ-ում:

Հրավեր ստացա եւ ժամանակավոր տեղափոխվեցի այստեղ: ԱՄՆ-ում մասնակցում եմ պրոֆեսիոնալ մրցումների, որոնք ավելի շատ անհատական բնույթ են կրում: Ես չեմ հեռացել Հայաստանի հավաքականից, ներկայացնում եմ իմ երկիրը, բայց այս շրջանում այստեղ մարզվում եմ, մրցումների եմ մասնակցում:

ԱՄՆ-ում մարզվում եմ Լոս Անջելեսի Mendy's Gym-ում: Այստեղ բազկամարտի կենտրոնացված մարզադահլիճ է: Եկել եմ այստեղ հետ գալու նպատակով, քանի որ Հայաստանում եւ իմ մարզական կարիերայում դեռ շատ նպատակներ ունեմ:

Հայաստանում բազկամարտն ի՞նչ մակարդակի վրա է:

Վերջին տարիներին Հայաստանում մարզաձեւը մեծ առաջընթաց ունի, բարձր մակարդակի վրա է եւ գնալով մասսայական է դառնում: Բազկամարտը սիրված է մեր երկրում եւ մարզաձեւով զբաղվողները, հետաքրքրվողներն օր օրի ավելանում են: Կան տեղեկություններ, որ 2028 թվականին բազկամարտը կընգդրկվի օլիմպիական ծրագրում: Սա եւս մեծ խթան է մարզաձեւի զարգացման եւ մասսայականացման համար: Բազկամարտը մեծ հեռանկարներ ունի մեր երկրում: Ես սկսել եմ զբաղվել տարիներ առաջ եւ այս ընթացքում, որպես մարզիկ, զգում եմ մարզաձեւի աստիճանաբար զարգանալը:

Բազկամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները գոհացնո՞ղ են եւ ի՞նչ հեռանկարներ ես տեսնում որպես թիմի անդամ:

Հավաքականի արդյունքները բավական բարձր են Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Ամեն տարի թիմի կազմն ավելի է մեծանում, ինչը նաեւ նպաստում է մեր արդյունքների բարելավմանը: Եթե 6-7 տարի առաջ Եվրոպայի առաջնությունից վերադառնում էինք մեկ ոսկե մեդալով, այժմ ընդհուպ 5-6 ոսկե մեդալներ ենք նվաճում:

Հայաստանում մարզաձեւի զարգացման հետաքրքիր մեխանիզմ է ձեւավորվել: Հավաքականի կազմում ամեն մարզիչ ներկայացուցիչ ունենք, որոնք խոշոր մրցաշարերից մեդալներով են վերադառնում եւ իրենք են սկսում հիմնել ակումբներ իրենց մարզերում, քաղաքներում եւ զարգացնել մարզաձեւը: Այսպես էլ ընթանում է մարզաձեւի զարգացման գործընթացը: Մարդիկ սկսել են սիրել բազկամարտը:

Դավիթ, մարզաձեւով զբաղվելու համար հայաստանյան պայմանները բավարարո՞ւմ են:

Բազկամարտով զբաղվելու համար անհրաժեշտություն է բոլոր հարմարություններով ակումբ, դահլիճ ունենալը: Սովորական մարզասրահներում չես կարող զբաղվել: Հատուկ սարքավորումներ են պետք հատուկ վարժություններ անելու համար: Երեւանում եւ գրեթե բոլոր համայնքներում կան բազկամարտի ակումբներ, որոնք միայն այս մարզաձեւի համար են նախատեսված եւ այդ ամենը շնորհիվ մեր հավաքականի անդամների է, նախկին անդամների, մարզիկների, որոնք իրենց հնարավորություններով, անձնական միջոցներով են ձեռք բերում  անհրաժեշտ սարքավորումները: Այսինքն՝ մարզաձեւով զբաղվելու համար պայմաններ ունենք, իհարկե, ոչ բոլոր համայնքներում, բայց մեծ մասում կան:

Իսկ, համեմատության կարգով,  ինչո՞վ է հայկական բազկամարտը զիջում ամերիկյանին:

Բնական է, որ ԱՄՆ-ում բազկամարտն ավելի զարգացած է, այստեղ ավելի պրոֆեսիոնալ է ամեն ինչ: Գրեթե ամիսը մեկ այստեղ մեծամասշտաբ միջազգային մրցաշարեր են կազմակերպվում եւ անցկացվում, մեծ թվով երկրներ են մասնակցում: Այստեղ ավելի շատ կենտրոնացած է բազկամարտը եւ զարգացած, այնպես, ինչպես օրինակ բռնցքամարտը, խառը մենամարտերը: Բայց սա չի նշանակում, որ մենք զիջում ենք մեր հնարավորություններով: Մեր կազմը փոքր է, բայց միշտ թիմային հաշվարկներում լավ տեղեր է զբաղեցնում: Օրինակ՝ 2019 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանը 13 մարզիկներով զբաղեցրեց 11-րդ տեղը, իսկ օրինակ Թուրքիան 5-րդ էր 230 մասնակցով:

Հայաստանի հավաքականը սովորաբար ամենաքիչ կազմով ներկայացող երկիրն է խոշոր մրցաշարերում, բայց բավական բարձր արդյունքներ է գրանցում:

Իսկ միջազգային ի՞նչ մրցաշարերի եք մասնակցում:

Մասնակցում ենք միայն Ռուսաստանի քաղաքներում կազմակերպվող միջազգային մրցաշարերի: Այլ երկրներում մրցաշարերի մասնակցության առումով այդքան էլ ակտիվ չենք: Ավելի հարմար է Ռուսատանում մասնակցել: Հենց այդ առումով է ԱՄՆ-ում բազկամարտն ավելի զարգացած, քանի որ, այստեղ գտնվելով, կարող ես տարբեր խոշոր միջազգային մրցաշարերի մասնակցել, քանի որ այդ մրցաշարերը, որպես կանոն, կենտրոնացած են ԱՄՆ-ում: ԱՄՆ տեղափոխվեցի անձնական հարցերով, բայց այստեղ նաեւ կենտրոնացա մարզումներիս եւ մրցաշարերին մասնակցելու վրա: Սա լավ հնարավորություն է ինձ համար հետագայում ավելի մեծ փորձ ձեռք բերելու, նաեւ 2022 թվականի մայիսին անցկացվելիք  Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլն այստեղ անցնելու համար:

Ո՞րն է մեծ նպատակդ մեծ սպորտում:

Աշխարհի չեմպիոն դառնալն է երազանքս, որին կձգտեմ հասնել: Նախորդ ամիս մասնակցածս մրցաշարում եզրափակիչ մենամարտում հաղթեցի ԱՄՆ չեմպիոնին: Մրցաշարից առաջ ձախ ձեռքի վնասվածք ունեի եւ վիրահատվել էի ու հաղթեցի երկու ձեռքով էլ, այդ թվում վիրահատածս ձեռքով: Այս մրցաշարն ինձ համար ավելի շատ փորձնական էր:

Դավիթ, բազկամարտը ուժի՞ կռիվ է, թե՞ ավելի շատ հոգեբանական:

Առաջին հայացքից ուժի կռիվ է, բայց առաջին հերթին մենամարտին պետք է հոգեբանորեն պատրաստվես, ինչպես բոլոր մարզձեւերում: Եթե լարվածություն ունեցար, այն բացասաբար է անդրադառնում, որքան էլ դու ավելի ուժեղ լինել մրցակցիցդ: Կարեւոր է հոգեբանորեն պատրաստ լինելը, որպեսզի հենց մեկնարկում իշխող դիրք գրավելու հնարավորությունը քոնը լինի: Այստեղից էլ սկսվում է պայքարը, հետո նոր գալիս է ֆիզիկական ուժը: Շատ մրցակիցներ են հանդիպում, որ փորձում են նախքան մենամարտը որոշակի ճնշող հնարքներ կիրառել, որպեսզի հենց սկզբից կոտրեն դիմացինին: Սկզբում ուշադրություն դարձնում էի այդ հնարքներին, բայց հետագայում սկսեցի չնկատել, որպեսզի այն ինձ չխանգարի:

Լարված պայքար է լինում, հատկապես, երբ մրցակիցս ադրբեջանցի է կամ թուրք: Փորձում եմ երբեք ուշադրություն չդարձնել, թե ինչ ազգության է մրցակիցս: Հաղթելուց հետո նոր կարեւորում եմ, թե ում եմ հաղթել, այսինքն՝ հաղթանակի ցնծությունը կրկնակի է լինում մրցաշարից հետո: Այդպես՝ 2019 թվականի աշխարհի առաջնությունում հաղթեցի գործող աշխարհի չեմպիոնին, որն ազգությամբ թուրք էր: Մենամարտից առաջ ես ինքս ինձ տրամադրել էի, որ պետք է հաղթեմ նրան, հաղթեմ այս մրցաշարում: Եթե մտքով շեղվեմ այն փաստի վրա, թե ում հետ եմ մենամարտում, կթերանամ, դա ինձ կխանգարի: Այս առումով մինչեւ մենամարտը չեմ կենտրոնանում, թե ով է իմ առեւ կանգնած, բայց, իհարկե, թուրք եւ ադրբեջանցի մրցակիցների հետ պայքարը սովորաբար լարված է անցնում: Մենք թուրք եւ ադրբեջանցի մարզիկներից միշտ ֆիզիկապես ամուր ենք, բայց դրա մասին մտածում ենք, կենտրոնանում ենք մենամարտերից  հետո:

Լուսինե Շահբազյան



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։