Դավիթ Չալոյանը նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը (ֆոտո, ուղիղ եթեր)

23:35   5 նոյեմբերի, 2021

Դավիթ Չալոյանը նվաճեց բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոնի կոչումն ամենահեղինակավոր քաշային կարգում։ Գերծանրքաշայինների եզրափակիչում 24-ամյա հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվեց 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն, 22-ամյա Մարկ Պետրովսկուն՝ 1։4։

Հայ բռնցքամարտիկը առաջին ռաունդում հոնքի վնասվածք ստացավ եւ մինչեւ վերջ պայքարեց արնահոսող հոնքով: 

Չեմպիոնը կստանա 100 հազար դոլար, փոխչեմպիոնը՝ 50 հազար դոլար։

Չալոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ  տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Չալոյանը բացահայտ առավելությամբ 5։0 հաշվով հաղթել էր երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւին եւ ապահովեց առնվազն փոխչեմպիոնի կոչումը:

Դավիթ Չալոյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից ունեցել էր 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Դավիթ Չալոյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 30-ին Գյումրիում: Բռնցքամարտում առաջին քայլերն արել է 15 տարեկանում:

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի մյուս անդամներից մեդալ նվաճեց միայն Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը: Կիսաեզրափակիչում  Բաչկովը պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնին եւ բավարարվեց բրոնզե մեդալով:

Սա Հովհաննես Բաչկովի երրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում:

11 մասնակցով աշխարհի առաջնությանը ներկայացած Հայաստանի թիմից պայքարից դուրս են մնացել  Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։