11:41 8 հոկտեմբերի, 2012Ֆերնանդո Ալոնսոն կարող է դառնալ այս տարվա աշխարհի առաջնության գլխավոր անհաջողակը: Ինչո՞ւ գլխավոր: Որովհետեւ նա միակն է, որի տիտղոսը մազից է կախված: Չեմպիոնի երեք հավակնորդներից միակը, որը խաղից դուրս էր ճապոնական Սուզուկայի Մեծ խաղարկությունում: Իրավիճակից օգտվեց պոուլից մեկնարկած Սեբաստյան Ֆետելը եւ Ալոնսոյի հետ 29 միավորանոց տարբերությունը 1.5 ժամում հասցրեց 4-ի: Ֆետելը Սուզուկայում մեկնարկել է 4 անգամ, որից 3-ում հաղթել: Հարավային Կորեայի Մեծ մրցանակից առաջ Ալոնսոյին եւ Ֆետելին ամենամոտը դեռեւս գտնվում է «լոտուսցի» Կիմի Ռայկոնենը, տարբերությունը Ֆետելից՝ 33 միավոր: Ճապոնիայում Ալոնսոյին մրցուղուց դուրս մղողը հենց Ռայկոնենն էր՝ միակ մարզիկը, որն այս տարի ոչ մի բախում չէր նախաձեռնել: Ալոնսոն մեկնարկեց 6-րդ տեղից, իսկ 7-րդ տեղից մեկնարկած Ռայկոնենը առաջին շրջադարձին հարվածեց բոլիդի ետնամասի աջ անիվին: Ռայկոնենը շարունակեց իր ընթացքը, իսկ Ալոնսոն ծակ անվադողով դուրս մնաց մրցումից: Ստյուարդները չպատժեցին Կիմիին, տեղի ունեցածը համարեցին մրցակցային միջադեպ:
«Ֆերրարիին» առանց այն էլ դժվարությամբ են տրվում միավորները: Ալոնսոն հաջողացրեց վերջին 4 Գրան Պրիներից երկուսում հենց սկզբից դուրս մնալ խաղից: Լրագրողների առջեւ ինքն իրեն Ալոնսոն մխիթարում էր հետեւյալ բառերով. «Եթե ինձ մրցաշարի սկզբից ասեին, որ մրցաշարի ավարտից 5 մրցարշավ առաջ ես կլինեմ առաջատարը, կհամաձայնվեի»: Այսօր նա դեռ առաջատար է, բայց 4 միավորի տարբերությամբ: Իսկ այդ տարբերությունը վերացնելու համար «Ռեդ Բուլն» ունի Սեբաստյան Ֆետել, իսկ Ալոնսոն, մեզ թույլ տանք ասել, բոլիդ չունի: Սուզուկայում «Ֆերրարիի» մարզական տնօրեն Լուկա դի Մոնտեձեմելոյին կարող էր մխիթարել մրցանակային միավորի համար գրեթե անիմաստ մարզիկ Ֆիլիպե Մասան: Բայց Մասան հրաշալի արեց այն, ինչ ուղիղ երկու տարի նրան չէր «թույլատրվում»: Նա գրավեց երկրորդ տեղը, ընդ որում մեկնարկային մի քանի շրջանից հետո նա երկրորդ տեղը վերցրեց ճապոնացի Կամուի Կոբայաշիից ու այլեւս չզիջեց:
«Ես ինձ թեւավոր էի զգում»,- հենց պոդիումի վրա ասաց Ֆիլիպե Մասան: Այս մարդը «Ֆերրարիում» աշխատում է ինքն իր համար, սպասարկում է Ֆերնանդո Ալոնսոյին, Ճապոնիայում նրա ծառայությունների կարիքը չկար: Եվ ի՞նչ՝ Մասան երկրորդն էր եւ դարձյալ առանց արագությամբ աչքի ընկնելու: Նույնիսկ 14-րդը եզրագիծը հատած «Վիլյամսի» բրազիլացի արշավորդ Բրունո Սենան նրանից արագընթաց էր: Այնուամենայնիվ, Սուզուկայի անհաջողակներից մյուսը կարելի է համարել չեմպիոնի երրորդ հավակնորդին՝ ֆինն Կիմի Ռայկոնենին: Նա 25 հնարավորից վաստակեց միայն 8 միավոր եւ փոքր ինչ բարդացրեց իր վիճակը Ֆետելի, բայց ոչ Ալոնսոյի համեմատ: Պետք է հիշել, որ Կիմին մնաց առաջնության միակ ավտոարշավորդը, որը բոլոր մրցուղիներում հատել է եզրագիծը, այսինքն, երբեւէ կիսատ չի թողել մրցուղին: Փոխարենը, նրա թիմակից, ֆրանսիացի Ռոմեն Գրոժանը հավակնում է ամենակռվարարի տիտղոսին, այս անգամ էլ նա փչացրեց Ֆետելի թիմակցի՝ Մարկ Վեբերի կյանքը՝ դարձյալ հենց մեկնարկում բախվելով նրա բոլիդին: Բարեբախտաբար, 2-րդ տեղից մեկնարկած Վեբերը, որը հենց մեկնարկում իր տեղը զիջեց տեղացիների կուռք Կամուի Կոբայաշիին, իսկ բախումից հետո ընդհանրապես մղվեց վերջին տեղ, հաջողացրեց եզրագիծը հատել 9-րդը:
Տեսականորեն Հեմիլթոնը, Ջենսոն Բատոնը եւ Մարկ Վեբերը նույնպես չեմպիոնի հավակնորդներ են: Ալոնսոյի այսօրվա անհաջողությունը նրանց նույնպես դարձնում է ընդհանուր պայքարի մասնակից: Դիցուք` ընդհանուր հաշվարկի 6-րդ տեղում գտնվող Բատոնն Ալոնսոյից ետ է մնում 63 միավորով: Իսկ դա 2.5 հաղթանակ է: Հիշենք, որ յուրաքանչյուր մրցման հաղթողին տրվում է 25 միավոր: Իսկ առջեւում դեռ կա 5 Գրան Պրի:
Ուղիղ մեկ շաբաթից տեղի կունենա Յոնամի (Հարավային Կորեա) Մեծ Մրցանակի խաղարկությունը: Այստեղ մեկական անգամ հաղթել են Ալոնսոն եւ Ֆետելը: Ո՞վ է հաջորդը: Ամենայն հավանականությամբ Pirelli Motorsport-ը Յոնամ կբերի Soft եւ SuperSoft տեսակի անվադողերը: Ենթադրում եմ, որ 55 շրջանի համար ամենաօպտիմալը 3 պիտ կանգառն է, ինչը կարող է խառնել հաշիվները: Միայն ավելացնեմ, որ Յոնամի մրցուղին միանգամից 3 այլ մրցուղիների՝ Մոնակոյի, Մոնցայի, Ստամբուլի խառնուրդն է: Ոչ ոք կարգին չի կարողանում կողմնորոշվել, թե հատկապես ինչի վրա դնի շեշտը նախապատրաստվելիս՝ անվադողերի՞, բոլիդի սեղմող ուժի, թուլացման կամ ուժեղացմա՞ն:
Մհեր Արշակյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.