ԱԱ․ Դավիթ Չալոյանի փառահեղ հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ կիսաեզրափակիչում (ֆոտո, ուղիղ եթեր)

18:50   4 նոյեմբերի, 2021

Հայաստանի ներկայացուցիչ, 24-ամյա Դավիթ Չալոյանը փառահեղ հաղթանակ տարավ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում՝ ապահովելով առնվազն փոխչեմպիոնի տիտղոսը։

+92 կգ քաշային կարգում Դավիթ Չալոյանը Բելգրադում մենամարտեց երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւի հետ եւ բացահայտ առավելությամբ հաղթեց 5։0 հաշվով։

Երեք ռաունդներում էլ հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ տարավ  Աբդուլաեւի նկատմամբ: 

Նոյեմբերի 5-ին, եզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Մարկ Պետրովսկին։

Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ եւ նվաճել Հայաստանի առաջին մեդալն աշխարհի առաջնությունում:

Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մեծահասակներում մասնակցում աշխարհի առաջնությանը:

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ):

Քառորդ եզրափակիչ մենամարտի արդյունքը բողոքարկելուց եւ հաղթանակ շնորհելուց հետո, Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում պայքարելու հնարավորություն է ստացել:

Եզրափակիչի ուղեգիրը Հայաստանի հավաքականի ավագը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի աշխարհի չեմպիոն կուբացի Էնդի Գոմեց Կրուզի հետ:

Բռնցքամարտիկները ռինգում կհանդիպեն երկրորդ անգամ: Նախորդ անգամ 2017 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացված աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 5:0 հաշվով հաղթել է կուբացի բռնցքամարտիկը:

11 մասնակցով աշխարհի առաջնությանը ներկայացած Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի թիմից պայքարից դուրս են մնացել  Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։