ԱԱ. Բրոնզե մեդալներ ապահոված Բաչկովն ու Չալոյանը 11-րդ օրը կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար

10:09   4 նոյեմբերի, 2021

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնության 11-րդ մրցումային օրը եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալներ ապահոված Հայաստանի հավաքականի ավագ, 28-ամյա Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) եւ 24-ամյա Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում պայքարելու հնարավորություն է ստացել:

Եզրափակիչի ուղեգիրը Բաչկովը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմեց Կրուզի հետ:

Բռնցքամարտիկները ռինգում կհանդիպեն երկրորդ անգամ: Նախորդ անգամ 2017 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացված աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 5:0 հաշվով հաղթել է կուբացի բռնցքամարտիկը։

Բելգրադում Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ: 1/8-րդ եզրափակիչում էլ 3:2 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում մրցավարների որոշմամբ գյումրեցի բռնցքամարտիկը 2:3 հաշվով պարտվել էր թաիլանդի Սոմչայ Վոնգսուվանին, բայց հայկական կողմի բողոքարկումից հետո հաղթանակը շնորհվել է նրան:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը եզրափակիչի ուղեգրի համար մենամարտելու է երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւի հետ:

Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ  տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ եւ նվաճել Հայաստանի առաջին մեդալն աշխարհի առաջնությունում:

Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մեծահասակներում մասնակցում աշխարհի առաջնությանը:

Դավիթ Չալոյանի մենամարտը տեղի կունենա ցերեկային մրցահերթում:

Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում:

11 մասնակցով աշխարհի առաջնությանը ներկայացած Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի թիմից պայքարից դուրս են մնացել  Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։