Մոուրինյո. Բարդ պայքար էր, նաեւ բացառիկ հանդիպում էր 2 մարզիչների կարմիր քարտերի պատճառով (ֆոտո)

10:55   25 հոկտեմբերի, 2021

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Նապոլիի» հետ դիմակայությունն Իտալիայի առաջնության 9-րդ տուրում։ Հռոմում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 0։0։

Մրցավարի որոշումներին եւ խաղի ընթացքին չափից դուրս հուզական վերաբերմունքի համար Մոուրինյոն 82-րդ րոպեին ստացավ երկրորդ դեղին քարտը եւ հեռացվեց, իսկ «Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խաղի ավարտից հետո կարմիր քարտ ստացավ հանդիպման մրցավար Դավիդե Մասային ուղղված սարկաստիկ ծափահարության համար։

«Ինձ համար գերազանց հանդիպում էր, բայց իմ կարծիքը կարող է տարբերվել ձեր կարծիքից։ «Նապոլիի» դեմ միշտ էլ բարդ է խաղալ, մենք ձգտում էինք հաղթել։ 0։0 հաշիվը ամենադիտարժան խաղի վկայություն չէ, բայց նույնիսկ ես նստարանին հոգնել էի։

Բարդ պայքար էր, խաղացողները հոգնել են, մենք ունեինք գոլ խփելու հնարավորություններ։ Հանդիպումը նաեւ բացառիկ էր երկու մարզիչների կարմիր քարտերի պատճառով, բայց կարծում եմ՝ մրցավարը անաչառ էր։

«Կալյարիի» դեմ կլինի այս նույն կազմը։ Սա ուղերձ է թիմին, որ Նորվեգիայում կրած 1։6 հաշվով պարտությունը կմնա իմ պատմությունում, եւ ինձ հեշտ չէ ներել դա»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Իտալիայի առաջնության 10-րդ տուրի «Կալյարի» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։