10:11 23 հոկտեմբերի, 2021Ջիու-ջիցուն արվեստ է: Քիչ մարտարվեստներն կան, որ ուժ պետք չի մրցակցին հաղթելու համար: Հայաստանում այս մարտարվեստը լավ հիմքերի վրա է դրված եւ մեծ հեռանկարներ ունի: Վստահ եմ՝ Հայաստանը կունենա ջիու-ջիցուի մեծ չեմպիոններ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բրազիլական ջիու-ջիցուի աշխարհի 10-ակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 40-ամյա բրազիլացի Ռոջեր Գրեյսին:
Բրազիլացի տիտղոսակիր մարտիկն այս օրերին Հայաստանում է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի եւ նրա որդու՝ Վարդան Սարգսյանի հրավերով:
Հոկտեմբերի 22-ին Ռոջեր Գրեյսին Երեւանի ջիու-ջիցուի Legacy Brazilian Jiu Jitsu ակումբում վարպետության դաս անցկացրեց հայ մարտիկների հետ:
10-ակի աշխարհի չեմպիոնը նախ սեմինար անցկացրեց՝ իր փորձով ցույց տալով ջիու-ջիցուի իր հնարքները, սովորեցրեց ներքեւից եւ վերեւից մրցակցին պարտության մատնելու հնարքներին, ապա սփարինգ-մենամարտեր անցկացրեց ցանկացողների հետ:


«Ես եկել եմ այստեղ Վարդան Սարսգայնի հրավերով: Նա Հայաստանի նախագահի որդին է: Հայաստանում մասնակցելու ենք կոնֆերանսի, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 23-ին: Այստեղ գտնվելուս ընթացքում տեղեկացա, որ ջիու-ջիցու մարտարվեստով հետաքրքրված են եւ զբաղվում են նաեւ հայերը: Սիրով համաձայնեցի նախագահի որդու առաջարկին՝ մարզումներ անցկացնել հայ մարտիկների հետ: Այս հանդիպումով կաջակցենք մարտարվեստի կայացմանը Հայաստանում: Կարծում եմ՝ ջիու-ջիցուի ապագան Հայաստանում պայծառ է լինելու:
Ջիու-ջիցուն աշխարհում ամենարագ տարածվող եւ զարգացող մարտարվեստներից է: Կարծում եմ, որ դրա զարգացումը պետք է լինի ամենուր: Հայաստանում էլ ջիու-ջիցուն շատ արագ կզարգանա, քանի որ մարտիկները հեռանկարային են:
Սպորտի այս տեսակը համարում եմ արվեստ: Շատ քիչ մարտարվետսներ կան, որտեղ ուժ պետք չի մրցակցին հաղթելու համար: Դու կարող ես հաղթել մեկին, որը քեզանից շատ ավելի ծանր է՝ օգտագործելով ճիշտ տեխնիկա:
Վստահ չեմ, որ ես աշխարհում լավագույնն եմ եւ ուժեղագույնը, բայց շատ հպարտ եմ իմ ձեռքբերումներով:
100 տոկոս համոզված եմ, որ Հայաստանը կունենա ջիու-ջիցուի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ. միայն թե՝ ժամանակի հարց է»,- Ռոջեր Գրեյսին:
Ջիու-ջիցուի Հայաստանի թիմի մարզիչ Անդրանիկ Հարությունյանի խոսքով, աշխարհի 10-ակի չեմպիոնի մաստեր-կլասը անակնկալ է եղել ջիու-ջիցուի Հայաստանի ֆեդերացիայի Legacy Brazilian Jiu Jitsu ակումբի եւ մարտարվեստով զբաղվողների համար:

«Այս հանդիպումը լեգենդար Ռոջեր Գրեյսիի հետ չսպասված անակնկալ էր մեզ համար: Նախագահ Արմեն Սարգսյանի եւ նրա որդու՝ Վարդան Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհի ամենատիտղոսակի ջիու-ջիցուիստը: Նա 10 անգամ աշխարհի չեմպիոն է եղել: Մեզ համար մեծ պատիվ է նրան հյուրընկալել մեր ակումբում: Մեծ պատիվ էր, որ նա համաձայնել է լինել նաեւ մեզ մոտ: Անցկացրինք սեմինար-մարզում հայ մարտիկների հետ:
Նախնական պայմանավորվածություն չկար, որ այստեղ վարպետության դաս, մարզում կանցկացնի Ռոջեր Գրեյսը: Երկու օր առաջ մեզ հետ կապ հաստատեցին նախագահականից եւ ասացին, որ Ռոջեր Գրեյսին Հայաստանում է, եւ կցանկանանք, արդյոք, նրանից ինչ-որ բան սովորել: Վստահ կարող եմ ասել, որ սա ամեն ջիուջիցուիստի մեծ երազանքներից մեկն է՝ Ռոջեր Գրեյսի հետ մեկ գորգի վրա լինել: Նախագահի որդին, որը Ռոջերի մտերիմ ընկերն է, խնդրել էր նրան մեկ մարզում նվիրել մարտարվեստի հայ սիրահարներին եւ մարզվողներին: Սա աննախադեպ իրադարձություն էր բոլորիս համար: Ի դեպ, մեզ հետ մարզվում էր նաեւ նախագահի որդին՝ Վարդան Սարգսյանը:
Անցկացրինք նաեւ սփարինգ մենամարեր Գրեյսիի հետ: Այս հանդիպման շնորհիվ մեր մարզիկներն ավելի մեծ մոտիվացիա կստանան, մարզաձեւն ավելի մեծ ճանաչում ձեռք կբերի Հայաստանում: Աշխարհում ամենաարգ աճող մարտարվեստներից մեկն է՝ շնորհիվ Ռոջերի մորեղբոր, Գրեյսիների ընտանիքի: Այս ընտանինքն է հիմնել MMA մարզաձեւը եւ առաջին անգամ անցկացրել խառը մենամարտերի մրցաշար:
Հայաստանում արդեն գործում է 3 ակումբ: Համոզված եմ, որ ապագայում մեր ակումբները կավելանան, մարտավեստով զբաղվողները եւս»,- մանրամասնեց Անդրանիկ Հարությունյանը: 
Բացի մարզումներից, Ռոջեր Գրեյսին նաեւ հասցնում էր լուսանկարվել մարտիկների հետ, որոնք լեգենդար մարտիկի մեծ երկրպագուներն են, մարտարվեստի սիրահարներ: Տատամիի վրա Ռոջեր Գրեյսի հետ մարզումներ էր անցկացնում նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի որդին՝ Վարդան Սարգսյանը:
Լուսինե Շահբազյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.