Մոուրինյո. Տպավորություն էր, որ ամեն անգամ գնդակը ստանալուց հետո մրցակիցը գոլ է խփելու մեզ

13:47   22 հոկտեմբերի, 2021

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում նորվեգական «Գլիմտի» դեմ խաղադաշտ դուրս բերել պահեստային կազմը։ «Ռոման» պարտվել է 1։6 հաշվով։

«Եթե ես մեկնարկային կազմում ընդգրկեի հիմնական խաղացողներին, եւ նրանցից մեկը ստանար վնասվածք, հնարավոր է՝ մենք 4-5 գոլ բաց թողնեինք «Նապոլիից» այս կիրակի։

4-5 շաբաթ առաջ ես թիմին ասել եմ, որ պետք է գնալ Վատիկան եւ աղոթել, որ վնասվածքներ չլինեն։ Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ այսպիսի բան կպատահի։ «Գլիմտի» մեկնարկային կազմը մեր երկրորդ կազմից ուժեղ էր։ Հետեւաբար, ես պետք է նույն տղաներին խաղացնեմ ամեն շաբաթ եւ նրանց հասցնեմ հյուծվածության։

1։3 հաշվի ժամանակ գլուխներս կորցրել էինք։ Տպավորություն էր, որ ամեն անգամ գնդակը ստանալուց հետո մրցակիցը մեզ գոլ է խփելու։ Բացատրությունը մեկն է՝ նրանք ավելի ուժեղ էին։ Հնարավոր է՝ ես ճիշտ չգնահատեցի մեր խաղացողների հնարավորությունները։

Մենք գիտեինք, որ «Գլիմտը» մեր ամենաուժեղ մրցակիցն է այս խմբում, բայց հույս ունեինք, որ այլ կերպ կխաղանք։ Սոլբակենը, կարծես, MotoGP-ի մոտոցիկլով լիներ, իսկ մեր պաշտպանները հեծանվի վրա»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։  

Կոնֆերենցիաների լիգայի C խմբում «Ռոման» 6 միավորով երկրորդն է, իսկ «Գլիմտը» 7 միավորով բարձրացավ առաջին տեղ։

«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի Իտալիայի առաջնության 9-րդ տուրում։ Մոուրինյոյի գլխավորած թիմը հոկտեմբերի 24-ին կընդունի առաջատար «Նապոլիին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։