Հակոբ Սերոբյանը՝ Ճապոնիայից. Մերդինյանը հրաշալի մասնակցեց, Խաչիկյանին խանգարեց փորձի պակասը

18:54   21 հոկտեմբերի, 2021

Հարություն Մերդինյանի վերադարձը կայացած է: Այս դադարից, այս տարիքում աշխարհի առաջնությունում հրաշալի մասնակցեց: Գոհ եմ: Գագիկ Խաչիկյանին խանգարեց փորձի պակասը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ճապոնիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հոկտեմբերի 18-ից Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը չկարողացավ դուրդ գալ նժույգ թափեր վարժության եզրափակիչ: 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը, մարզական կարիերայում տեւական դադարից հետո, աշխարհի առաջնությունում 14.666 միավորով գրավեց 10-րդ տեղը եւ եզրափակիչի երկրորդ պահեստայինն է:

Հավաքականի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Հայաստանի երկու ներկայացուցիչների մրցելույթները:

«Հարություն Մերդինյանը շատ լավ մասնակցեց: Այս տարիքում, այս տարիների դադարից հետո, իր վարժությունը շատ լավ կատարեց: Այս պահին պահեստային է: Եթե ինչ-որ մեկը հրաժարվի պայքարից, կամ ինչ-որ պատճառներով չկարողանա մասնակցել, Հարութը կմտնի պայքարի մեջ, բայց անհնար է. աշխարհի առաջնություն է, աշխարհի 8 ուժեղագույնների մեջ են մտել. Դժվար թե հրաժարվեն: Գուցե ինչ-որ մեկի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան գա, այդ դեպքում հնարավորություն կունենանք, բայց իրենք իրենցով չեն հրաժարվի եզրափակիչից:

Հարություն Մերդինյանի վերադարձը մեծ սպորտ համարենք կայացած: Մրցումից հետո նրան հարցրի, թե ինչ կարծիք ունի: Ասաց՝ ավելացնելու է: Դա նշանակում է՝ նա վերադարձավ: Տարիքով մեծ է մարմնամարզության համար, բայց շատ ուրախ եմ, որ նա որոշել է շարունակել: Չգիտեմ՝ հետագայում ինչպես կստացվի, բայց եթե ոչ որպես մարզիկ, ապա որպես մարզիչ նա լինելու է մեր հավաքականում:

Որպես մարմնամարզիկ, մեծ վաստակ ունի, ես կուզեմ նրան միշտ տեսնել մեր հավաքականում: Նա օգտակար կլինի թիմին: Հենց այնպես չի լինի. կամ պետք է լավ կատարի, մեդալների համար կռիվ տա, կամ որպես մարզիչ լինի:

Այժմ Հարությունը Վահագն Դավթյանի անձնական մարզիչն է: Եթե շարունակի մրցաշարերում հանդես գալ, ամենաքիչը կատարի այնպես, ինչպես այս աշխարհի առաջնությունում, շատ լավ կլինի: Բարձր գնահատական ստացավ այստեղ: Նրա միավորները ցածր չեն:

Ամեն դեպքում, ամեն ինչ կլինի օբյեկտիվ: Յուրաքանչյուր մրցման մենք պետք է գնանք մեդալների համար: Կմեկնեն այն մարմնամարզիկները, որոնք մեդալների համար կկռվեն: Ցանկացած պարագայում Հարություն Մերդինյանը միշտ լինելու է թիմում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի մյուս մասնակցի՝ երիտասարդ Գագիկ Խաչիկյանի մրցելույթը, Հակոբ Սերոբյանը համարում է տապալված մեծահասակներում փորձի պակասի պատճառով:

«Գագիկ Խաչիկյանն ամեն ինչ խառնեց իրար: Լարված էր, առաջին անգամ էր մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցում, խառնվեց իրար: Ամեն դեպքում, դեռ երիտասարդ է, մեծ ներուժ ունի, նա դեռ իրեն կդրսեւորի մեծահասակներում: Գագիկը փորձ չունի: Նրան փորձ է պետք մեծերի խոշոր մրցաշարերում: Օրինակ՝ այստեղ նա ամենաբարդ վարժությունն էր անում: Դեռ կհասցնի: Գագիկը մեր ապագան է»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Գլխավոր մարզիչը նաեւ հայտնեց, որ  Վահագն Դավթյանի երկրորդ կորոնավիրուսային թեստը բացասական է եղել, նա վարակված չի եղել։ Տոկիոյի օդանավակայանում տեղի ունեցածը եղել է թյուրիմացություն, որի պատճառով Եվրոպայի փոխչեմպիոնը դուրս մնաց պայքարից:

«Բարկացած եմ, որ Վահագն Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այսպես ձախողվեց: Բառացի՝ թույլ չտվեցին նրան մասնակցել: Կապի մեջ եմ Վահագնի հետ, արդեն հանձնել է երկրորդ թեստը եւ բացասական պատասխան է եղել: Եւս մեկ թեստ է հանձնել, նորից բացասական եւ արդեն նրան բաց են թողել: 6 օր պահեցին այսպես ասած՝ փակի տակ: Մեզ էլ հնարավորություն չտվեցին, թեկուզ մեր հաշվին, երկրորդ թեստ հանձնեինք, գար հասներ մրցման: Միայն հոկտեմբերի 20-ին, իր մրցելույթի օրը Տոկիոյում թեստ են վերցրել, բայց արդեն ուշ էր, քանի որ օղակների վարժության որակավորման փուլը տեղի էր ունեցել: Նա վարակված չէր:

Եթե այս խնդիրը լիներ աշխարհի առաջնության կազմակերպիչների հետ, մեզ կընդառաջեին, երկրորդ թեստ հանձնելու հնարավորություն կտային: Այստեղ պետության հարցն էր, անձնագրային կետից թույլ չտվեցին, որ Վահագն Դավթյանը թիմի հետ մեկնի Կիտակյուշու: Անմիջապես մեկուսացրին: Ոչինչ անել հնարավոր չեղավ: Տեղյակ եմ, որ Ճապոնիայում Հայաստանի դեսպանը միջամտեց, բայց երկրի օրենքներն են, պետք է ենթարկվեինք: Ամեն դեպքում անհասկանալի իրավիճակում հայտնվեցինք, 6 օր անիմաստ մեր մարզիկը մնաց մեկուսացված ու զրկվեց աշխարհի առաջնության մասնակցությունից: 6 օր անց թեստի պատասխանները բացասական եկան:

Այնպիսի խստություն է այստեղ Ճապոնիայում, որ նույնիսկ Օլիմպիական խաղերի ժամանակ այդպես չէր: Խիստ հսկողություն է, ամեն օր թեստ ենք հանձնում, այնպես են հսկում, երեւի իրենց ծանր հանցագործներին այդպես չեն հսկում: Ասես՝ կալանավորներ լինենք:

Մեծ ընտրության առաջ էինք աշխարհի առաջնությունից առաջ: Արթուր Ավետիսյանի ու Վահագն Դավթյանի միջեւ էր պայքարը: Փորձամրցմանը երկուսն էլ հրաշալի մասնակցեցին, երկուսն էլ արժանի էին: Վահագն Դավթյանին տվեցինք հնարավորությունը, բերեցինք, հասցրինք այստեղ ու չմասնակցեց:

Վահագնը շատ լավ մարզավիճակում է, վստահ կարող էր լավագույն 8-ում լինել: Ուժեղների մեջ էր լինելու, որովհետեւ նա ուժեղներից մեկն է»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։