19:17 14 հոկտեմբերի, 2021Մարզահամերգային համալիրում նախորդ անգամ շախմատ խաղացել էին 1996 թվականին. դա Հայաստանում անցկացված 32-րդ Համաշխարհային Օլիմպիադան էր, որն այն ժամանակ համարվում էր մինչ այդ անցկացվածներից լավագույնը: Հաճելի է, որ ներկայիս ղեկավարությունը նման շքեղություն թույլ տվեց, իսկ համալիրում շախմատ խաղալը հաճելի է եւ տպավորիչ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ, մրցավարական հանձնաժողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար, Շախմատի միջազգային ֆեդերացիայի կանոնների հանձնաժողովի պատվավոր նախագահ Աշոտ Վարդապետյանը:
Հոկտեմբերի 13-ից Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Yerevan Open միջազգային մրցաշարը: Աշոտ Վարդապետյանը մրցաշարի գլխավոր մրցավարն է:
Պարոն Վարդապետյան, 4 տարվա ընդմիջումից հետո Yerevan Open-ը կրկին վերադառնում է: Ինչո՞վ էր պայմանավորված տեւական դադարը:
Այս մրցաշարը նախատեսված էր անցկացնել 2020 թվականին, բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգեց: Այս տարվա Yerevan Open-ն իր հնարավորություններով եւ մեծությամբ մեր օրերի Հայաստանի համար ֆանտաստիկ մրցաշար է: Մասնակցում է 14 երկրի 311 շախմատիստ: Խաղում է 25 գրոսմայստեր, որն աննախադեպ է համաճարակի այս պայմաններում: Իսկ 2020-ից առաջ ունեցած դադարը պայմանավորված էր որոշակի իրադարձություններով: Այժմ այն կրկին անցկացվում է եւ ավելի մեծ մասշտաբով:
Ես 20 տարուց ավելի եղել եմ Երեւանի ֆեդերացիայի նախագահ: Իմ ամբողջ գործունեության ընթացքում երազել եմ, որ Երեւանն ունենա իր խոշոր մրցաշարը: Ես շատ գոհ եմ, որ ներկայիս ղեկավարությունը հնարավորություն տվեց մրցաշարին շարունակվել եւ Հայաստանը մնա ոչ միայն ուժեղ շախմատիստների կենտրոն, այլ նաեւ շախմատի մրցաշարերի կենտրոն:
Ինչո՞վ է այս մրցաշարը կարեւոր Հայաստանի համար:
Նման մրցաշարերը Հայաստանում կարեւոր են երիտասարդների եւ պատանիների համար: Հայ երեխաները մեր աշխարհագրական դիրքից եւ ֆինանսական հնարավորություններից ելնելով շատ մեծ հնարավորություններ չունեն, որպեսզի գնան այլ երկրներ: Յուրաքանչյուր նման մրցաշարի այլ երկրում մասնակցելը կազմում է առնվազն 1000 դոլարին համարժեք գումար: Սա ծնողների համար ահռելի մեծ գումար է: Այսպիսի մրցաշարերը մեր երեխաներին հնարավորություն է տալիս մեծ քանակությամբ ապագա շախմատային հույսերին մասնակցել, փորձ ձեռք բերել, փորձել միջազգային տիտղոսների համար նորմաներ լրացնել:
Շատ հաջող ստացվեց այն հանգամանքը, որ այս մրցաշարից երկու օր առաջ Ծաղկաձորում ավարտվեց մեկ այլ միջազգային մրցաշար՝ Chess Mood-ը, որի շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ունենում երկու միջազգային մրցաշար խաղալ Հայաստանում՝ առանց մեծ ծախսերի: Chess Mood-ից հետո այս մրցաշարի կազմակերպումը այս մաստշաբներով շատ բարձր եմ գնահատում:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից ովքե՞ր են մասնակցում Yerevan Open-ին:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մի քանիսը չեն կարողացել մասնակցել, քանի որ այս ընթացքում մասնակցում են այլ ուժեղ մրցաշարերի: Մեր առաջատարներից մի քանիսը պատրաստվում են մասնակցել հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 8-ը Ռիգայում տեղի ունենալիք Grand Swiss մրցաշարին, որը համարվում է աշխարհի առաջնության ընտրական փուլ: Կան խաղացողներ, որ ուրիշ անձնական խնդիրների պատճառով չեն մասնակցում: Հիմնական շեշտը դրված է երիտասարդների վրա: Երիտասարդներից մեր ուժեղագույն շախմատիստների առջեւ խնդիր է դրված լավ արդյունքներ գրանցել: Yerevan Open-ին մասնակցում է Համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Վերջին շրջանում Տիգրան Պետրոսյանն այդքան ակտիվ չի մասնակցում մրցաշարերին, բայց Օլիմպիադայի կրկնակի չեմպիոնի մասնակցությունը միշտ էլ ճոխացնում է յուրաքանչյուր մրցաշար: Խաղում է նաեւ Մամիկոն Ղարիբյանը: Նա մեր լավագույն պատանիներից մեկն է: Հայկ Մարտիրոսյանը չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով:
Աղջիկներից հավաքականի առաջատարներից Աննա Սարգսյանն է մասնակցում, խաղում է նաեւ պատանի շախմատիստուհի, Հայաստանի փոխչեմպիոն Մարիամ Մկրտչյանը, որը օրերս Ծաղկաձորում երրորդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորմա:
Ուրախալին այն է, որ ոչ միայն Հայաստանն է մեծ կազմով մասնակցում, այլեւ դրսի պատվիրակությունները: Օրինակ՝ Հնդկաստանը ներկայացրել է 40 մասնակից: Իրանը նույնպես մեծ քանակությամբ շախմատիստներ ունի:
Ինչպե՞ս որոշվեց մրցաշարը հյուրընկալել մարզահամերգային համալիրում:
Համալիրում միջազգային մրցաշար անցկացնելու մտահաղացումը Yerevan Open-ի կազմկոմիտեինն է եղել: Ինչպես հայտնեց Երեւանի ֆեդերացիայի անդամ Մամիկոնյանը, այստեղ անցկացնելու առաջարկը եղել է Երեւանի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանինը: Սկզբում քննարկվել է Շախմատի տունը, բայց հետո որպեսզի ավելի մեծ շքեղություն տրվի մրցաշարին, որոշվել է համալիրը: Այստեղ մրցաշար անցկացնելը շատ գեղեցիկ է եւ տպավորիչ:
Լուսինե Շահբազյան



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.