17:32 14 հոկտեմբերի, 2021Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 13-ից 22-ն անցկացվում է շախմատի Yerevan Open միջազգային երրորդ մրցաշարը։ Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը։
Yerevan Open–ին մասնակցում է 14 երկրի 311 շախմատիստ: Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով, Երեւանի բաց առաջնությունն աննախադեպ է շախմատիստների մասնակցության քանակով:
«Երեւանի բաց առաջնությունն աննախադեպ է: 311 շախմատիստ է մասնակցում 14 երկրից, այդ թվում՝ Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից: Սա Հայաստանին եւս մեկ անգամ դարձնում է շախմատային միջազգային ընտանիքի կարեւորագույն գործոններից մեկը: Սա նաեւ լավագույնս հնարավորություն է ընձեռում պատանի շախմատիստներին փորձել իրենց ուժերը հայտնի գրոսմայստերների հետ, ինչը կարեւոր գործոն է լինելու իրենց շախմատի զարգացման համար: Այսօրինակ մեծ մրցաշարերը բխում են նաեւ Երեւանի շախմատի ֆեդերացիայի որդեգրած քաղաքականությունից, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է շախմատի հանրայնացումը:
Մենք դրա ջատագովներն ենք: Հույս ունեմ, որ հաջողելու է այս մրցաշարը՝ հնարավորություն ստեղծելով արդեն ապագայում էլ ավելի մեծ ու հավակնոտ կերպով իրագործել այս ծրագիրը»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:



Մրցաշարին մասնակցում են միջազգային կոչում ունեցող 82 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստեր են, 25-ը՝ միջազգային վարպետ։ Գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 11 միլիոն դրամ է։
Նախորդ անգամ Yerevan Open–ն անցկացվել էր 2017 թվականին, որի հաղթող էր դարձել 2015 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.