Նիկիտա Սիմոնյանը 95 տարեկան է, Կարպինը շնորհավորել է նրան Ռուսաստանի թիմի հաղթանակով

11:07   12 հոկտեմբերի, 2021

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշում է ծննդյան 95-րդ տարեդարձը: Ռուսաստանի հավաքականն ու թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը շնորհավորել են հոբելյարին:

«Կցանկանայի շնորհավորել Նիկիտա Պավլովիչին։ Մեր այս հաղթանակը նրա համար կլինի որպես շնորհավորանք։

Ֆեդերացիայի, ֆուտբոլիստների մարզչական շտաբի անունից ցանկանում ենք շնորհավորել նրան, մաղթել առողջություն եւ երկար տարիներ, առնվազն այսքան էլ»,- Կարպինի խոսքը մեջբերում է ՌՖՄ-ի կայքը։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Սլովենիայի թիմին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում» եւ «Սպարտակում», որի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր: Նա 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը ոսկե մեդալ է նվաճել Մելբուռնի 1958թ. Օլիմպիական խաղերում, ինչպես նաեւ մասնակցել է 1958-ին Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությանը: 2000-ին Սիմոնյանը ՖԻՖԱ-ի շքանշան է ստացել ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար: 

Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն: Նա «Արարատում» աշխատել է նաեւ 1984-1985-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։