Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն, Սուրեն Գրիգորյանը՝ փոխչեմպիոն (ֆոտո)

16:32   30 սեպտեմբերի, 2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ոսկե եւ արծաթե մեդալներ նվաճեց:

20-ամյա Կարեն Մարգարյանը երկամարտի 330 կգ (153+177) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, նույն քաշային կարգում փոխչեմպիոնի կոչումը նվաճեց 18-ամյա Սուրեն Գրիգորյանը՝ երկամարտում գրանցելով 328 կգ արդյունք (145+186):

Կարեն Մարգարյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 147 կգ: Երկրորդ փորձից միայն գլխավերեւոմ պահեց 153 կգ-ոց ծանրաձողը՝ նվաճելով այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Սուրեն Գրիգորյանը պոկեց 145 կգ, ապա 148 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 152 կգ-ը ծանրորդին չհաջողվեց բարձրացնել: Սուրեն Գրիգորյանը նվաճեց պոկում վարժության փոքր արծաթե մեդալը:

Հրում վարժությունում Կարեն Մարգարյանը հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը՝ 177 կգ: Երկրորդ մոտեցմամբ ծանրորդը չկարողացավ հրել 183 կգ-ը, ձախողեց նաեւ երրորդ մոտեցումը՝ 186 կգ: Այս վարժությունում Կարեն Մարգարյանը պայքարն ավարտեց 4-րդ տեղով:

Սուրեն Գրիգորյանը հաջողությամբ հրեց նախ՝ 175 կգ, ապա՝ 180 կգ: Երրորդ մոտեցմամբ 185 կգ-ոց ծանրաձողը չկարողացավ պահել գլխավերեւում: Այս վարժությունում եւս Գրիգորյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ արժանանալով Մ20 Եվրոպայի առաջնության երեք արծաթե մեդալների:

81 կգ քաշայինների պայքարում երկամարտի 324 կգ-ով բրոնզե մեդալը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտեմ Գորլովին:

Սա Հայաստանի 4-րդ ոսկե մեդալն էր ծանրամարտի Մ20 եւ Մ23 Եվրոպայի առաջնությունում:

Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել 20 տարեկանների պայքարում Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտ 230 կգ) եւ Գոռ Սահակյանը (67կգ, երկամարտ 301 կգ): Մինչեւ 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցումով ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ): Մ20 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Միլենա Խաչատրյանը (76 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։