Երիտասարդական ԵԱ. Այսօր Հայաստանը կունենա չորս ծանրորդ

11:35   29 սեպտեմբերի, 2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 6-րդ մրցումային օրը Հայաստանը կունենա չորս ներկայացուցիչ:

Սեպտեմբերի 29-ին մինչեւ 20 տարեկանների կանանց մրցաշարի 76 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա 19-ամյա Միլենա Խաչատրյանը: Այս քաշային կարգում երկամարտի ոսկե մեդալը կվիճարկվի 8 մասնակիցների միջեւ: Միլենա Խաչատրյանի նախնական հայտը 215 կգ է: Ֆավորիտներ են համարվում թուրք Դիլարա Ուքանը (երկամարտի նախնական 230 կգ հայ) եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Անդրեեւան (225 կգ հայտ):

Մ-20 Եվրոպայի առաջնության կանանց 76 կգ քաշայինների մրցաշարը տեղի կունենա Երեւանի ժամանակով 14:00-ին:

6-րդ մրցումային օրը պայքարը սկսում են նաեւ մինչեւ 23 տարեկանների Հայաստանի ներկայացուցիչները:

Տղամարդկանց 73 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Նշան Անտոնյանը եւ Արմեն Գրիգորյանը: Երկու ծանրորդների երկամարտի նախնական հայտը 320 կգ է: Մրցաշարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ից:

Այսօր մրցահարթակ դուրս կգա նաեւ մեծահասակների Հայաստանի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: 21-ամյա ծանրորդն այս քաշային կարգի հիմնական ֆավորիտն է: Երկամարտի նախնական հայտը 350 կգ է, որն ամենաբարձրն է: Ռաֆիկ Հարությունյանը պատանիների Եվրոպայի արծաթե մեդալակիր է, երիտասարդների Եվրոպայի արծաթե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր: 2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշայինների պայքարում զբաղեցրեց 4-րդ տեղը (346 կգ, 150+196): Հրում վարժությունում բարձրացրած 196 կգ-ի շնորհիվ հայ մարզիկն արժանացավ փոքր բրոնզե մեդալի։ Իսկ 2019 թվականի Բաթումիի Եվրոպայի առաջնությունում հրում վարժությունում 194 կգ արդյունքով սահմանել էր երիտասարդների ռեկորդ:

Ռաֆիկ Հարությունյանի մասնակցությամբ 81 կգ քաշայինների մրցաշարը կսկսվի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Ծանրամարտի Մ-20 եւ Մ-23 Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն ունի երկու ոսկե մեդալ: Առաջին ոսկե մեդալը նվաճել էր 19-ամյա Գառնիկ Չոլակյանը մինչեւ 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 կգ (100+130) արդյունքով՝ հետ թողնելով երկու թուրք մրցակիցների: Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցին, ոսկե մեդալակիր դարձավ նաեւ 18-ամյա Գոռ Սահակյանը (67կգ): Երկամարտի 301 կգ (136+165) արդյունքով Գոռ Սահակյանը նվաճեց Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ լավագույն եռյակում հետ թողնելով Թուրքիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։