«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Չելսիից», «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց տանը (տեսանյութ)

17:25   25 սեպտեմբերի, 2021

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին չեմպիոնության գլխավոր հավակնորդներ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»: Լոնդոնում տեղի ունեցած խաղում Անգլիայի գործող չեմպիոնը հաղթեց նվազագույն հաշվով: Մանչեսթերցիների հաղթական գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը:

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց «Աստոն Վիլայից», որի հաղթական գոլն 88-րդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Կորտնի Հաուզը: Ավելացված ժամանակում «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Ուլե-Գունար Սուլշերի թիմն առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում:

«Մանչեսթեր Սիթին», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» 13-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը: Նույնքան միավոր ունի նաև առաջատար «Լիվերպուլը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 53

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 0:1 (տեսանյութ)

Կորտնի Հաուզ, 88

Չիրացված 11 մետրանոց՝ Բրունու Ֆերնանդեշ, 90+1 («Մանչեսթեր Յունայթեդ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։