Գեւորգ Ալեքսանյան․ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը բաց կթողնեն ԱԱ-ն, որպեսզի լիարժեք ապաքինված մոտենան Փարիզ-2024-ի շրջափուլին

09:11   22 սեպտեմբերի, 2021

Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը բուժում են իրենց վնասվածքները եւ վերականգնողական փուլ անցնում: Նրանք բաց կթողնեն աշխարհի առաջնությունը, որպեսզի լիարժեք ապաքինված մոտենան Փարիզ-2024-ի ցիկլին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:

Սեպտեմբերի 22-ից հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ վերջին հավաքն է սկսում աշխարհի առաջնությունից առաջ:

 «Սեպտեմբերի 22-ից վերջին հավաքն ենք սկսում Երեւանի «Օլիմպավանում» աշխարհի առաջնությունից առաջ: Կազմն արդեն հայտնի է, բայց կհայտարարենք հավաքի օրերին: Կազմի հետ կապված ընդհանուր հայտարարի կգանք ֆեդերացիայի հետ եւ կներկայացնենք:

Այս պահին հայտնի է 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչի անունը՝ Գեւորգ Ղարիբյան: Նախորդ շաբաթ Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանի եւ Տոկիո-2020 մասնակից Արմեն Մելիքյանի մասնակցությամբ ստուգողական գոտեմարտ անցկացրինք, որն ավարտվեց Գեւորգ Ղարիբյանի հաղթանակով ՝8:1: Ստուգողական գոտեմարտը աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք բերելու համար էր:

Հավաքին մասնակցում է 26 ըմբիշ: Կտեւի մինչեւ հոկտեմբերի 5-ը»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արթուր Ալեքսանյանը եւ Կարապետ Չալյանն ազատված են աշխարհի առաջնությունից: Ըմբիշներն այս շրջանում վերականգնողական փուլ են անցնում:

«Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը չեն մասնակցի աշխարհի առաջնությանը: Ինչպես հայտնի է, Արթուրը վնասվածք էր ստացել Օլիմպիական խաղերում: Այժմ բուժման փուլ է անցնում: Մարզումներ անում է, բայց միայն ֆունկցիոնալ: Ոտքի մկանաթելերը դեռ չեն բուժվել:

Կարապետ Չալյանն Օլիմպիական խաղերից առաջ ուներ վնասվածք, որը հնարավորինս բուժել էինք, որպեսզի այն չխանգարի Տոկիոյում: Այս շրջանում Կարապետը նույնպես վերականգնողական փուլ է անցնում: Երկուսին էլ անհրաժեշտ է վերականգնվել, վնասվածքները բուժել, որպեսզի Փարիզ-2024-ի ցիլկը լիարժեք կարողանանք անցնել: Հաջորդ Օլիմպիական խաղերին կարճ ժամանակ է մնացել, պետք է ամբողջովին բուժված անցնենք այս շրջափուլը:

Սեպտեմբերի 22-ից մեկնարկելիք հավաքին եւս Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի: Կարապետ Չալյանը կմասնակցի»,- նշեց Էդուարդ Սահակյանը:

Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օլոյում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել էր աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ ներկայացրած ըմբիշների ցանկը, ըստ որի Հայաստանի հավաքականը հանդես է գալու հետեւյալ կազմով. Նորայր Հախոյան  (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան  (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ):

Լուսինե Շահբազյան



© 2021 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։