Համաշխարհային Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը չորրորդ տեղում է

15:16   9 սեպտեմբերի, 2021

Հայաստանի հավաքականը շարունակում է պայքարը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում, որը երկրորդ տարին անընդմեջ կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվում է օնլայն։

Ուժեղագույն դիվիզիոնի A ենթախմբի երկրորդ մրցումային օրը Հայաստանի թիմը հաղթեց Ռումինիային (4,5։1,5), պարտվեց Ղազախստանին (2,5։3,5), ոչ ոքի խաղաց Ավստրալիայի (3։3) հետ։

Հայաստանը թիմային 6 (ընդհանուր՝ 18,5) միավորով չորրորդ տեղում է։ Ենթախմբի առաջատարն է Ղազախստանը՝ 12 (24,5) միավոր։ Երկրորդ տեղում է Չինաստանը՝ 10 (27,5)։ Երրորդը Իրանն է՝ 9 (23,5):

Փլեյ-օֆֆ դուրս կգան ենթախմբերում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները։

Հիշեցնենք, որ առաջին օրվա 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Վրաստանին (3.5:2.5), պարտվել Իրանին (2:4) ու ոչ ոքի խաղացել Հունաստանի հետ (3:3):

Վերջին երեք տուրերում հայ շախմատիստները կմրցեն Մոնղոլիայի, Ինդոնեզիայի և Չինաստանի հավաքականների հետ:

Հայաստանի հավաքականի կազմում մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հանդես են գալիս Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Պահեստայիններն են Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Մարիամ Մկրտչյանը։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։