Խոակին Կապառոս. Բոլորն էլ գիտակցում են, թե ինչքան կարեւոր է 3 միավորը վաղվա խաղում

20:20   7 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։

«Պաշտպան Կալիսիրին հանգստանալու հնարավորություն էինք տվել նախորդ խաղում, որպեսզի ավելի թարմ վիճակում լինի Լիխտենշտեյնի թիմի դեմ վաղվա խաղում։

Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցավ են զգում պարտությունից եւ այն բանից, թե ինչպես են այդ պարտությունը կրել։ Սակայն մենք նաեւ գիտակցում ենք, որ վաղը մասնակցելու ենք հանդիպման մեր երկրպագուների ներկայությամբ, եւ սա առավելագույն մոտիվացիայի աղբյուր է, որ խաղալու ենք մեր խաղադաշտում։

Մեր թիմը վաղը խաղալու շատ մեծ ցանկություն ունի, եւ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա, բոլորն էլ գիտակցում են, թե ինչքան կարեւոր է այս 3 միավորը։ Պետք է վստահենք մեր ուժերին, լինենք համբերատար եւ ցուցադրենք մեր խաղը։

Հովհաննես Համբարձումյանը վնասվածք ունի, չի խաղալու։ Դա մեծ կորուստ է, քանի որ նա մեծ նշանակություն ունի մեր թիմի համար»,- ասաց Կապառոսն ասուլիսում։

Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6) և 10 միավորով երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։