Սարգիս Ադամյան. Գերմանիայի հավաքականի հետ խաղն առանձնահատուկ է ինձ համար

20:34   4 սեպտեմբերի, 2021

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը նախախաղային ասուլիսում խոսել է Գերմանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 5-րդ տուրի հանդիպման մասին:

«Եթե վաղվա խաղում Մանուել Նոյերը պաշտպանի Գերմանիայի հավաքականի դարպասը, կփորձեմ դարձյալ գրավել նրա պաշտպանած դարպասը: Այս խաղն առանձնահատուկ է ինձ համար, քանի որ արդեն 20 տարի ապրում եմ Գերմանիայում: Միշտ ցանկացել եմ Հայաստանի հավաքականի կազմում խաղալ Գերմանիայի դեմ, այդ պատճառով շատ ուրախ եմ, որ վաղը կկարողանամ անել դա»,- նշել է Սարգիս Ադամյանը:

Գերմանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ՝ 42-ամյա Ուիլյամ Կոլամի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ և 10 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ունի 9 միավոր, Հյուսիսային Մակեդոնիան՝ 7, Ռումինիան՝ 6, Իսլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնը կրել է 4 պարտություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։