Ստաս Նազարյանը՝ Տոկիոյից․ Պետք է ամեն ինչ անեմ, որ հաղթահարեմ որակավորման փուլը եւ դուրս գամ եզրափակիչ (ֆոտո)

22:05   31 օգոստոսի, 2021

Տրամադրությունս բարձր է, մարզավիճակս՝ հրաշալի: Տոկիո-2020-ում լավ արդյունք գրանցելուն խանգարում է միայն սայլակին հարմարվելը: :

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց Պարալիմպիկ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ստաս Նազարյանը:

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը Տոկիոյում անցկացվող Պարալիմպիակ խաղերում Հայաստանը ներկայացնող սայլակավոր աթլետ Ստաս Նազարյանը պատրաստվում է իր 5-րդ Պարալիմպիկ խաղերի մեկնարկին: Նա կմասնակցի 100 մետր վազքի որակավորման փուլին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 1-ին:

«Մինչեւ Տոկիո մեկնելը երեք ամիս ծանրաբեռնված ուսումնամարզական հավաք անցկացրինք Ծաղկաձորում: Հրաշալի մարզումներ ենք ունեցել եւ շատ լավ պատրաստվել Պարալիմպիկ խաղերին:

Միակ խնդիրն այն է, որ սայլակը ուշ հասավ ինձ և շատ քիչ ժամանակ ունեցա սայլակին հարմարվելու: Մնացած ամեն ինչ շատ լավ է եւ ֆիզիկապես շատ լավ վիճակում եմ, որին նպաստել են մեր ծաղկաձորյան մարզումները:

Ի դեպ, Տոկիոյի Պարալիմպիկ խաղերի նախապատրաստական մարզումները կազմակերպվել է Պարաթլետիկայի ֆեդերացիայի միջոցներով, որի նախագահը ես եմ: Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեն երկու տարվա ընթացքում կազմակերպել է հայկական պատվիրակության (4 հոգի) մասնակցությունը՝ սերտորեն համագործակցելով Տոկիո 2020 Պարալիմպիկ Կոմիտեի կազմկոմիտեյի հետ, իսկ ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսավորել է պատվիրակության մասնակցությունը, որը կազմել է մոտ 4 մլն դրամ:

Այսօր վերջին մարզումներն անցկացրի: Վաղն առավոտ 8:00-ից արդեն պետք է ստադիոնում լինենք: Մեկնարկից 40 րոպե առաջ պետք է ներկայանամ, փոքր նախավարժանք կունենամ եւ կմեկնարկեմ:

Ինչ վերաբերում է սայլակին, այն տրամադրել է «Բիզնես Կապիտալ» խումբը, որին խնդրի մասին տեղեկացրել էր հանրահայտ Պյոտր Նեմոյը: Նրանք շատ օպերատիվ սայլակ գտան Եվրոպայից, բերեցին Երևան և տրամադրեցին ինձ: Խնդիր է առաջացնում այն, որ բավականաչափ ժամանակ չեղավ սայլակին հարմարվելու համար:

Ինչպես արդեն ասացի՝ ֆիզիկական վիճակս գերազանց է: Պետք է ամեն ինչ անեմ, որ հաղթահարեմ որակավորման փուլը եւ դուրս գամ եզրափակիչ:

Լավագույն 8-ն են անցնում երզափակիչ: Նորմատիվը 15 վայրկյան է, ռեկորդը՝ 13.97 վայրկյան:

Եզրափակիչ դուրս գալը նորից կախված է սայլակից, բայց ամեն ինչ փորձելու եմ անել. չգիտեմ՝ ինչպես կստացվի:

Պարալիմպիկ Խաղերից հետո իմ ԱՄՆ-ի ընկերները խոստացել են ինձ սայլակ նվիրել իմ անձնական չափսերով: Իսկ «Բիզնես Կապիտալի» նվիրած սայլակը կտրամադրենք երիտասարդ մարզիկներից մեկին: Լավ չի, որ մեր երկրում մարզիկներն են զբաղվում անհրաժեշտ մարզական գույքի ձեռք բերման հարցերով:

Մեր մարզումները թողած, այլ տեխնիկական հարցերով էլ ենք մենք զբաղվում: Ամեն դեպքում՝ ամեն ինչ լավ է, շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ մասնակցելու Տոկիո-2020-ին: Որպես մարզիչ ինձ հետ այստեղ աշխատում է Հայկ Աբգարյանը և բազմափորձ աթլետիկ թերապիստ Նիկոլաս Թավուքչյանը՝ Լոս Անջելեսից: Մեր պատվիրակության ղեկավարն է Պարալիմպիկ Կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը»,- մանրամասնեց Ստաս Նազարյանը:

Ստաս Նազարյանը 5-րդ անգամ է մասնակցում  Պարալիմպիկ խաղերին: 2018թ. Փհենչհանում անցկացված ձմեռային խաղերում նա պարադահուկային արագավազքում  (1,1 կմ) գրավել է 31-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկի դուրս կգա սեպտեմբերի 1-ին Երեւանի ժամանակով 16:30-ին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։