Կոնֆերենցիաների լիգա. Մխիթարյանի գոլային փոխանցումը «Ռոմային» օգնեց հաղթել Թուրքիայում (ֆոտո, վիդեո)

23:22   19 օգոստոսի, 2021

Իտալական «Ռոման» օգոստոսի 19-ին սկսեց պայքարը ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայում, որի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ թուրքական «Տրաբզոնսպորի» նկատմամբ: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին ընդմիջումից հետո:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել իտալական ակումբի մեկնարկային կազմում, իսկ 55-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իտալացի Լորենցո Պելեգրինիին, որը բացեց հանդիպման հաշիվը: 9 րոպե անց դաշտի տերերի պատասխան գոլը խփեց դանիացի հարձակվող Անրեաս Կորնելիուսը: «Ռոմային» հաղթանակ բերեց թիմի նորեկ, ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովի գոլը:

Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց «Ռոմայի» հաղթական գոլից մեկ րոպե անց՝ 82-րդ րոպեին:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին Հռոմում:

Սա «Ռոմայի» առաջին պաշտոնական հանդիպումն էր նոր մրցաշրջանում ու Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Իտալիայի առաջնությունում Հռոմի թիմը պայքարը կսկսի օգոստոսի 22-ին՝ առաջին տուրում հյուրընկալելով «Ֆիորենտինային»:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, առաջին հանդիպում

«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) – «Ռոմա» (Իտալիա)՝ 1:2 (տեսանյութ)

Անրեաս Կորնելիուս, 64 – Լորենցո Պելեգրինի, 55, Էլդոր Շոմուրոդով, 81



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։