Ալեքսանդր Գրիգորյան. Ջերարդն իմ սիրելի ֆուտբոլիստն է, սակայն չեմ այրվում նրան պարտվելու ցանկությամբ

09:05   13 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ դիմակայությանը: Շոտլանդիայի չեմպիոնի գլխավոր մարզիչն է անգլիական «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը:

«Երևի, դա կլիներ մարզչական կարիերայի կուլմինացիան, եթե կանանց ֆուտբոլում հասած չլինեի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու չհաղթեի Իտալիայի բաց գավաթում:

Իհարկե, «Ռեյնջերսի» հետ խաղերն իրադարձություն է: Երբ պատրաստվում էի «Կայրաթի» դեմ խաղին, հետաքրքրության համար դիտեցի նաև «Մալմեի» ու «Ռեյնջերսի» խատասխան խաղը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Շոտլանդացիներին շատ հավանեցի: Ջերարդը հետաքրքիր թիմ է կառուցել: Ռուսաստանում «Ռեյնջերսի» հետ կարող էր պայքարել միայն «Զենիթը»:

Սթիվեն Ջերարդն իմ սիրելի ֆուտբոլիստն է, սակայն չեմ այրվում նրան պարտվելու ցանկությամբ: Ընդհանրապես, եվրագավաթները հետաքրքիր փորձ է»,- ռուսաստանցի մասնագետի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցել էր ղազախական «Կայրաթի» հետ և լրացուցիչ ժամանակում հաղթել 3։2 հաշվով։ Ալմաթիում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ ոքի:

«Ալաշկերտի» ու «Գլազգո Ռեյնջերսի» միջև առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին Գլազգոյում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 26-ին Երևանում:

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ դուրս եկած թիմերն առնվազն ապահովել են ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։