ՊՍԺ-ի խանութների մոտ հերթեր են

17:10   11 օգոստոսի, 2021

Ֆրանսիական ՊՍԺ-ն թիմի նորեկ Լիոնել Մեսիի տեղափոխության մասին հայտարարելուց հետո սկսել է նրա մարզաշապիկների վաճառքը:

Մեկ ժամում վաճառվել է 250 հազար մարզաշապիկ: Առաջին խմբաքանակը մի քանի ժամում սպառվել է: ՊՍժ-ի խանութների մոտ հերթեր են, հայտնում է France Football-ը:

Արգենտինացի հարձակվողն օգոստոսի 10-ին փարիզյան ակումբում բուժզննում անցնելուց հետո կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: ՊՍԺ-ում 34-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 30 համարի մարզաշապիկով, որով 2005-ին նորամուտն էր նշել կատալոնական «Բարսելոնայում»: Ոչ պաշտոնական տվյալներով, Մեսիի տարեկան աշխատավարձը կկազմի 35 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Օգոստոսի 11-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում Մեսիի մասնակցությամբ տեղի կունենա ասուլիս։ 

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հուլիսի 1-ին, ինչից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Իսպանական Լա Լիգայում ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով կատալոնական ակումբը չկարողացավ նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ, թեև կողմերը փոխհամաձայնության էին եկել:

Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս:

Մեսին Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։